Fides գործակալության համաձայն` Իրաքի վարչապետ Հայդար Ալ Աբադիի հրամանով հատուկ կոմիտե է ստեղծվել, որը տեղեկություններ է հավաքելու և կոնկրետ քայլեր է ձեռնարկելու բռնարարքներից պաշտպանելու երկրի քրիստոնյաներին: Կոմիտեն պետք է պայքարի քրիստոնյաների առևանգումները կասեցնելու և նրանց տները անօրինական սեփականացնելու դեպքերի դեմ: Վերջերս նորաստեղծ կոմիտեի ղեկավարությունը հանդիպել էր Քաղդեա-կաթոլիկ եկեղեցու Պատրիարք Լուիս Ռաֆաել Սակոյի հետ: Քննարկել էին քրիստոնյաներին պաշտպանելու կոնկրետ գործողությունները, մասնավորապես կոմիտեն կազմելու է անշարժ գույքի ցուցակը, որոնք խլել են քրիստոնեական ընտանիքներից, ինչպես նաև այն անձանց և կազմակերպությունների ցուցակը, որոնք խլել են քրիստոնյաների սեփականությունը: Իրենց հերթին էլ քրիստոնեական թեմերը և համայնքները կոմիտեին տեղեկություններ են տրամադրելու քրիստոնյաների առևանգման դեպքերի և առևանգողների մասին: Նշենք, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Բաղդադում և մյուս քաղաքներում հաճախակի են դարձել կեղծ փաստաթղթերի միջոցով քրիստոնյաների ունեցվածքը ապօրինի սեփականացնելու դեպքերը: Կարևոր դեր են խաղում կոռումպացված պաշտոնյաները: Իսկ առևանգված քրիստոնյաների համար փրկագին են պահանջում: Մեկ ամսվա ընթացքում Բաղդադում առևանգել էին չորս քրիստոնյաների, որոնցից երկուսին սպանել էին, չնայած հարազատները վճարել էին փրկագինը: