«ТБН-Россия» հանրային հեռուստաալիքի տնօրենների խորհրդի նախագահ Իգոր Նիկիտինը ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով իր ցավակցությունն է հայտնել հայ ժողովրդին. «Ողջ աշխարհի համար նշանակալի այս օրը ես դիմում եմ հայ ժողովրդին: Դուք մենակ չեք: Աշխարհի միլիոնավոր մարդիկ Ձեզ հետ են և աջակցում են Ձեզ: Ես ցավակցում եմ մեր ժամանակակիցներին, ովքեր կորցրել են իրենց հարազատներին հարյուրամյա վաղեմություն ունեցող այդ սարսափելի իրադարձությունների ժամանակ: Ես համարձակվում եմ հավաստիացնել, որ զոհերից և ոչ մեկը չի մոռացվել: Այսօր, երբ ողջ աշխարհում մենք ականատես ենք լինում ագրեսիայի և բռնությունների, բոլորիս կոչ եմ անում միավորվել և դեմ դուրս գալ այն գործողություններին, որոնք անխուսափելիորեն կհանգեցնեն կործանարար հետևանքների բոլոր ազգերի համար»- ասել էր Իգոր Նիկիտինը և հավելել. «Ցավոք ականատես ենք լինում, թե ինչպես են լռության մատնվում և թաքցվում ամբողջ ժողովուրդների հալածանքների և բռնությունների պատմական փաստերը: Հենց այս պատճառով էլ մեր հատուկ առաքելությունն է ստեղծել պատմական հեռուստածրագրեր, հեռարձակել ճշմարիտ նորություններ, վերադառնալ ավանդական արժեքներին, ճշմարիտ պատմությանը և մեր հեռարձակումները հագեցնել ինտելեկտուալ և ճանաչողական ծրագրերով» -նշել էր Նիկիտինը: