Բրյուսելում կայացել է <<Քրիստոնյաների հալածանքները աշխարհում>> թեմային նվիրված միջազգային համաժողովը: Համաժողովի մասնակիցների հայտարարությունների համաձայն աշխարհում ամենից շատ հալածանքների են ենթարկվում քրիստոնյաները: Նրանց իրավունքները և արժանապատվությունը ոտնահարվում են աշխարհի երկրների 75%-ում: << Զանգվածային լրատվամիջոցները տեղեկացնում են իսլամական աշխարհում քրիստոնյաների սպանությունների մասին, սակայն լռում են այլ երկրներում, խաղաղ պայմաններում նրանց հալածանքների մասին: Անհարգալից վերաբերմունքը հավատքի ազատության նկատմամբ անպայման կհանգեցնի այլ ազատությունների խախտմանը>>-ասել է համաժողովին մասնակցած Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչը: Համաժողովում նշել են, որ անթույլատրելի է կրոնի գործոնը օգտագործել այլախոհությունը և կրոնական ու ազգային փոքրամասնություններին ճնշելու համար: Եվրախորհրդարանի պատգամավոր Քրիստիան Դան Պրեդայի կարծիքով Եվրամիության արտաքին քաղաքականության մեջ քրիստոնյաների պաշտպանությունը պետք է առանցքային դառնա: Համաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հալածանքներին զոհ գնացած քրիստոնյաների հիշատակը: