Romfea կայքի տեղեկացմամբ`Թուրքիայի կառավարության ծրագրի համաձայն Ստամբուլում քանդելու են ուղղափառ պատմական երկու տաճարներ: Սուրբ Գևորգի և Համբարձման տաճարները գտնվում են Ստամբուլի Բակիրքոյ թաղամասում, որտեղ կառավարության որոշմամբ պետք է խոշոր ավտոկայանատեղի կառուցվի: Կառավարության ծրագրի համաձայն ապամոնտաժելու են  նաև  դարբինների և ձկնավաճառների  նախկին շուկան, ինչը  ամբողջովին կփոխի  թաղամասի տեսքը, որը դեռևս պահպանում է  Բյուզանդիայի հին մայրաքաղաք Կոստանդնուպոլսին  բնորոշ գծերը: Բակիրքոյ թաղամասը վերակառուցելու  կառավարական որոշումը առաջացրել է տեղի իշխանությունների  բողոքը: Քաղաքագլուխ Բյուլենտ Քերիմօղլին   հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի, որպեսզի պահպանի թաղամասի պատմական տեսքը: Թուրքական կառավարության այդ որոշմանը դեմ են դուրս եկել Ստամբուլի   տարբեր արհմիություններ, նկարիչների, ճարտարապետների, գրողների և երաժիշտների ստեղծագործական միություններ: Հունական Romfea գործակալությունը  զայրույթով նշել է, որ տաճարները քանդելու որոշման առնչությամբ  Հունաստանը պաշտոնական ոչ մի հայտարարություն չի արել: Գործակալության համաձայն Ստամբուլում բյուզանդական այդ տաճարները ոչնչացնում են այն  ժամանակ, երբ Աթենքում պատրաստվում են մզկիթ կառուցել: