Սիրիա-յակովիտյան եկեղեցու Պատրիարքը Արևմուտքին կոչ է արել դադարեցնել ահաբեկչության ֆինանսավորումը

Գլխավոր/Նորություններ/Սիրիա-յակովիտյան եկեղեցու Պատրիարքը Արևմուտքին կոչ է արել դադարեցնել ահաբեկչության ֆինանսավորումը

Նոյեմբերի 9-ին Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Պատրիարք Կիրիլի հրավերով պաշտոնական այցով առաջին անգամ Մոսկվա է ժամանել Սիրիա-յակովիտյան եկեղեցու Պատրիարք Մար Իգնատիոս Եփրեմ II-ը: Այցի շրջանակներում նա կհանդիպի Պատրիարք Կիրիլի,արտգործնախարար Ս. Լավրովի հետ: Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Պատրիարք Մար Իգնատիոս Եփրեմ II-ը ԱՄՆ-ին, Արևմուտքի և Մերձավոր Արևելքի որոշ երկրներին կոչ էր արել դադարեցնել ահաբեկչական կազմակերպությունների և խմբավորումների ֆինանսավորումը: Նրա խոսքով շատ մեծ է արտաքին ուժերի դերը, որոնք խորացնում են Սիրիայում ստեղծված ճգնաժամային վիճակը: Սիրիացի Պատրիարքը ողջունել էր Ռուսաստանի ռազմական օգնությունը ահաբեկչության դեմ մղվող պայքարում: <<Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությունները հույս են արթնացրել ժողովրդի մոտ:Սիրիացիները համարում են, որ Ռուսաստանը խաղաղարար առաքելություն ունի, որի նպատակը պատերազմական գործողությունների ավարտն է և խաղաղության հաստատումը այդ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար>>-հայտարարել էր Մար Իգնատիոս Եփրեմ II-ը և շարունակել.<<Մենք եկել ենք Ռուսաստան, որպեսզի պատմենք, բացատրենք, որ Սիրիայում պատերազմ է ընթանում մարդկության դեմ, մարդկայնության դեմ, սիրիացի ժողովրդի մշակույթի դեմ: Եվ քրիստոնյաները և մուսուլմանները խաղաղություն են ցանկանում: Չէ որ Սիրիան մշտապես եղել է տարբեր կրոնների խաղաղ գոյակցության հրաշալի օրինակը>>: Պատրիարքը շնորհակալություն էր հայտնել Ռուս Ուղղափառ եկեղեցուն Մերձավոր Արևելքի քրիստոնյաներին աջակցելու համար: Նրա կարծիքով Սիրիայում առկա իրավիճակը այդ երկրի համար օտար գաղափարախոսության հետևանքն է: Սիրիացիների գերակշռող մասը դեմ է արմատական հայացքներին, որոնց տարածման գործում մեծ է արտաքին ուժերի դերը:<<Սիրիային անհրաժեշտ են բարեփոխումներ, բայց ոչ այս գնով: Ներկայումս ցանկանում են ոչնչացնել Սիրիայի պետականությունը, ժողովրդին: ԱՄՆ-ը, Կատարը և մյուս երկրները պետք է դադարեցնեն ֆինանսավորել ահաբեկիչներին>>-եզրափակել էր Մար Իգնատիոս Եփրեմ II-ը: Նշենք, որ Սիրիա-յակովիտյան եկեղեցին Մերձավոր Արևելքի հինավուրց եկեղեցիներից է և պատկանում է մինչ քաղկեդոնական եկեղեցիների ընտանիքին, որի մեջ մտնում են Ղպտի, Հայկական, Եթովպիական, Էրիթրեական և Մալանկարայի եկեղեցիները: Սիրիա- յակովիտյան եկեղեցին ունի 2 միլիոն անդամ: Համայնքները գտնվում են Սիրիայում, Իրաքում, Լիբանանում և Թուրքիայի հարավում: