Հունվարի 28-ին Մարոկոյի Մարաքեշ քաղաքում ավարտվել է  <<Մուսուլմանական երկրներում կրոնական փոքրամասնությունների իրավունքները>> թեմային նվիրված միջազգային լայնամասշտաբ   կոնֆերանսը, որին մասնակցել էին  ավելի քան  300 քաղաքական, կրոնական և գիտական գործիչներ  Իրանից, Եգիպտոսից, Իրաքից, Պակիստանից և արաբական  մյուս երկրներից, ինչպես նաև Ռուսաստանից: Լրատվամիջոցների տեղեկացմամբ  քննարկումներին հրավիված էին մասնակցելու քրիստոնյա, հրեա, հինդու և այլ  կրոնական առաջնորդներ: Կոնֆերանսը կազմակերպել էր Մարոկոյի Իսլամի հարցերով նախարարությունը Մուհամեդ VI թագավորի բարձր հովանավորությամբ: Կոնֆերանսի աշխատանքների արդյունքում ընդունվել է << Մարաքեշի հռչակագիրը>> , համաձայն որի  միջազգային հանրությունը պետք է օրենքներ ընդունի, որոնք  հանցագործություն կհամարեն   կրոնի վիրավորանքը, ոտնձգությունները սրբություն համարվող արժեքների դեմ, ինչպես նաև  ատելություն և ռասիզմ հրահրող ցանկացած ելույթ: Հռչակագրում հատկապես շեշտված  է մուսուլմանական երկրներում կրոնական փոքրամասնություններին իրավունքներից  զրկելու համար  իսլամը օգտագործելու անթույլատրելիության մասին: Կոնֆերանսի մասնակիցները իսլամական երկրների   քաղաքական գործիչներին  կոչ են  արել  իրականացնել սահմանադրական,  քաղաքական և իրավական բոլոր  միջոցները`  ապահովելու միջկրոնական  հանդուրժողականությունը:  Նշենք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում  ահաբեկչական իսլամական խմբավորումների գործունեության հետևանքով Մերձավոր Արևելքում, Աֆրիկայի որոշ երկրներում զգալիորեն ավելացել են հալածանքները  քրիստոնյաների դեմ:  Open Doors  միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալներով միայն 2015թվականին հավատքի համար զոհվել է  ավելի քան 7 հազար քրիստոնյա: