CNA-ի համաձայն` Կանադայում կաթոլիկ եպիսկոպոսները, բողոքական միությունը, հրեա  և մուսուլման առաջնորդները  միաբանվել են բողոքելու էվթանազիայի օրինականացման դեմ: Կրոնական առաջնորդները  հռչակագիր են ընդունել  էվթանազիայի մասին, որում ասված է. <<Հիմնվելով մեր կրոնական համոզմունքների վրա, պնդում ենք, որ մարդուն կյանքից զրկելուն ուղղված ցանկացած գործողություն   – բարոյական չի>>: Հռչակագրի համաձայն  հիվանդների հանդեպ ուշադրությունը և խնամքն են  լավագույնս հաստատում  մարդկային կյանքի արժանապատվությունը: Նշենք, որ հռչակագրի ընդունումը  պատասխան էր  Կանադայի Գերագույն դատարանի ընդունած որոշմանը, համաձայն որի  բժիշկները կարող են օգնել ինքնասպանություն կատարել  անբուժելի և հիվանդությունից խիստ տառապող անձանց: Իսկ նախկինում  նման արարքի համար մինչև 14տարվա բանտարկություն էր  նախատեսված: Կրոնական առաջնորդների հայտարարությունը  հռչակում է  մարդկային կյանքի անձեռնմխելիությունը:  Հռչակագրի  համաձայն` օգնել   մարդկանց արժանավայել  ապրելու  և մեռնելու,  նշանակում է  նրանց շրջապատել  սիրով և հոգատարությամբ, ապահովել  բարձրորակ ցավազրկիչ դեղերով , ցուցաբերել հոգևոր  և  հոգեբանական աջակցություն: Կրոնական առաջնորդները  հայտարարել էին նաև, որ առողջապահության ոլորտի աշխատակիցները  պետք է  հետևեն կյանքի  հաստատման  էթիկային: