Իսրայելում ավարտվել է քրիստոնեական 47 դպրոցների երեք շաբաթ տևած գործադուլը: Դպրոցներ են վերադարձել մանկավարժները և 33 հազար աշակերտները:  Իսրայելում  քրիստոնեական դպրոցների հարցերով զբաղվող բաժինը և կրթության նախարարությունը ընդառաջ են գնացել քրիստոնյա ծնողներին: Երուսաղեմի պատրիարքության ներկայացուցիչ, մոնսինյոր Մարկուցոյի  խոսքով` քրիստոնեական դպրոցների նկատմամբ խտրական վերաբերմունքի դեմ բողոքող  ծնողների և մանկավարժների ձայնը  լսվել է: <<Հնարավոր եղավ համաձայնության հասնել  բոլոր մակարդակներում միասնության,  համագործակցության և համերաշխության շնորհիվ: Ընտանիքները, քաղաքապետարանները,  արհմիությունները, արաբները, հրեաները, մուսուլմաններն ու քրիստոնյաները  ձգտում էին մեկ նպատակի` քրիստոնեական դպրոցների գոյության իրավունքին>>-ասել էր մոնսինյոր Մարկուցոն: Նշենք, որ բողոքի ակցիաների պատճառը  քրիստոնեական դպրոցներին կառավարության կողմից տրվող դոտացիաների կրճատումն էր, ինչի հետևանքով բարձրացել էր  ուսման վարձը: Ըստ ձեռք բերված  համաձայնության կրթության նախարարությունը  նախապես տրամադրել է 12 միլիոն եվրո  դոտացիա և խոստացել է ստեղծել  քրիստոնեական դպրոցների խնդիրները կարգավորող հատուկ հանձնաժողով: