Մարտի 21-ին «Կյանքի Խոսք» եկեղեցու գրասենյակում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝  Հարության տոնին կայանալիք «Ելից» մյուզիքլի կապակցությամբ:

Հրավիրված լրագրողների հարցերին պատասխանում էին ստեղծագործական և կազմակերպչական թիմերը, որոնք մանրամասն կերպով անդրադարձան նախապատրաստական ընթացքին:

Ինչպես նշեց մյուզիքլի աշխատանքների համակարգող Արփինե Խոնդկարյանը, հավատարիմ մնալով իր մոտեցմանը՝ «Կյանքի Խոսք» եկեղեցին օգտագործում է արվեստի տարբեր  բնագավառները՝ Ավետարանը տարածելու համար, այդ թվում նաև՝ մյուզիքլը:

«Ելիցը» ներկայացնում է մեզ բոլորիս հայտնի աստվածաշնչյան պատմությունը, սակայն, ինչպես փաստեց սցենարիստ-բեմադրող Իրինա Մրյանը՝ զուգահեռներ են տարվելու մեր օրերի հետ, քանի որ ինչպես նախկինում, այսօր էլ մարդու ներքին բնույթն անփոփոխ է:

Մյուզիքլի կայացման գործընթացում ներգրավված 100-ից ավելի կամավորները ջանք և եռանդ չեն խնայում՝ յուրաքանչյուրը նվիրված կերպով անելով այն աշխատանքը, որ վստահված է իրեն:

Ռեժիսոր-խորեոգրաֆ Քրիստինա Հովակիմյանի խոսքերով` հոգևոր որևէ գործ բեմադրելն ավելի դժվար է. «Հոգևոր ստեղծագործություն բեմադրելիս անպայման արտացոլվում է Աստծո հետ քո կապը, հոգևոր վերապրումները, և որպեսզի արդյունքը ճիշտ ստացվի, պետք է աղոթքով առաջնորդվես»:

Այս հարցին անդրադարձավ նաև մյուզիքլի գլխավոր դերակատար Լենդ Մկրտչյանը, ով մարմնավորում է Մովսեսին: Վերջինս նշեց, որ կերպարը ճիշտ մատուցելու համար ինքը նախ փորձել է հասկանալ Մովսեսին և այդ ընթացքում նրան տարբեր կողմերից է բացահայտել:

Ինչ վերաբերում է կերպարների զգեստներին և, առհասարակ, ողջ մյուզիքլի դիզայներական և դեկորացիոն լուծումներին, ապա գեղարվեստական ղեկավար Հասմիկ Մինասարյանի խոսքերով` ոչինչ հենց այնպես արված չէ. «Մենք կատարել ենք մանրակրկիտ ուսումնասիրություններ, դիտել ենք ֆիլմեր, որպեսզի ամեն դետալ և աքսեսուար համապատասխանի իրականությանը»:

Մեծ աշխատանքներ են տարվել նաև երգերի և երաժշտության վրա, որոնք հիմնականում օրիենտալ-պրոգրեսիվ ռոք ոճում են՝ որոշ սիմֆոնիկ դրվագների համադրությամբ, սակայն հասկանալի ու ընկալելի են յուրաքանչյուր կատեգորիայի պատկանող մարդու համար. այս մասին տեղեկացրեց կոմպոզիտոր-գործիքավորող Գարիկ Ամյանը:

Ծավալուն աշխատանքներ, մասնագիտական մոտեցում, ամիսներ շարունակվող փորձեր. հենց այս ամենի արդյունքում մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին և 16:00-ին, մենք հնարավորություն կունենանք ականատեսը դառնալու շքեղ մյուզիքլի: Մուտքն ազատ է բոլորի համար:

Նշենք նաև, որ մյուզիքլին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ: