Charisma News-ի տեղեկացմամբ քրիստոնյա ակտիվիստները Սպիտակ Տան մոտ անցկացնելու են <<Ես քրիստոնյա եմ>> ակցիան` իրենց բողոքը հայտնելու վերջերս Օրեգոնի քրիստոնեական քոլեջում կատարված սպանությունների դեմ: <<Ռասայի, սեռի, կրոնի կամ ցանկացած այլ   գործոնի համար կատարված յուրաքանչյուր սպանություն պետք է խստորեն դատապարտվի մեր իշխանությունների կողմից>>- ասել էր Վաշինգտոնի <<Church on the Hill>> եկեղեցու հովիվ Պատրիկ Մահոնին: Նրա կարծիքով նախագահ Բարաք Օբաման և հեղինակավոր որոշ լրատվամիջոցներ   համեմատաբար զուսպ են արձագանքել քոլեջում քրիստոնյաների սպանությանը: Հովիվը նշել էր, որ քրիստոնեական համայնքը կցանկանար տեսնել նախագահի ավելի վճռական հայտարարությունները և գործողությունները: Իսկ հայտնի ավետարանիչ Ֆրանկլին Գրեհեմը Facebook-ի իր էջում գրել էր, որ քոլեջում կատարված ոճրագործությունը  վկայում է ԱՄՆ-ում քրիստոնյաների հանդեպ հալածանքների աճի մասին: <<Հալածանքները և հարձակումները քրիստոնյաների դեմ տեղի են ունենում ոչ թե ինչ որ տեղ Իրանում կամ Մերձավոր Արևելքում, այլ այստեղ, Ամերիկայում>>-գրել է Գրեհեմը: ԱՄՆ-ի իսպանալեզու ավետարանական շարժման առաջնորդ Սեմյուել Ռոդրիգեսը հայտարարել էր, որ աշխարհը ընկղմվում է անարխիայի, քաոսի մեջ: <<Մենք պետք է պաշտպանենք Աստծո կողմից տրված և Սահմանադրությամբ երաշխավորված հավատի ազատությունը: Չպետք է սահմանափակվենք միայն զենքի, օրենքների , իրավունքների և այլ հարցերի քննարկմամբ: Քննարկումները մեզ պետք է հանգեցնեն   մեղքի հարցին: Որովհետև մեղքի արդյունքն են ատելությունը, անհանդուրժողականությունը, թշնամությունը, ծայրահեղականությունը, սպանությունը>>-ասել էր Սեմյուել Ռոդրիգեսը: