Մարտի 27-ին Պակիստանի Լահոր քաղաքի զբոսայգու մուտքի մոտ մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 69 մարդ, ավելի քան 300-ը վիրավորվել: Զոհվածների և վիրավորների մեծ մասը կանայք և երեխաներ են: Զբոսայգին մարդաշատ էր եղել, քանի որ քրիստոնյաները ընտանիքներով զբոսայգի էին եկել Զատկի տոնի առիթով: Պայթյունը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ շատերը տուն էին վերադառնում: Ահաբեկչության պատասխանատվությունը վերցրել է <<Թալիբան>> շարժման մասնաճյուղը համարվող <<Ջամաաթ ուլ-Ահրար>> խմբավորումը: <<Մեր թիրախը քրիստոնյաներն էին: Ցանկանում ենք, որպեսզի վարչապետ Նավազ Շարիֆն իմանա. մենք Լահորում ենք: Նա կարող է անել ինչ ուզում է, բայց չի կարող մեզ կանգնեցնել: Մեր մահապարտ-զինյալները շարունակելու են այդ հարձակումները>> – Reuters գործակալությանը հայտարարել է շարժման ներկայացուցիչ Էհսանուլլա Էհսանը: Նշենք, որ 2014 թվականի հունիսից Աֆղանստանի հետ սահմանակից տարածքներում <<Ալ Քաիդա>>, <<Թալիբան>>, <<Արևելյան Թուրքեստանի իսլամական շարժում>> և այլ ծայրահեղական խմբավորումների դեմ Պակիստանի բանակը իրականացնում է հակաահաբեկչական լայնամասշտաբ գործողություններ, որին մասնակցում է ավելի քան 30 հազար զինվոր: Պակիստանի իշխանությունների տվյալներով այդ ժամանակահատվածում ոչնչացրել են մոտ 3 հազար գրոհային: