Եվրոպացի մի շարք քաղաքական գործիչներ Իրանի կառավարությանը կոչ են արել բանտից ազատ արձակել քրիստոնյա հովիվ Սաիդ Աբեդինիին: <<Օրենքի և արդարադատության ամերիկյան կենտրոն>> իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչների խոսքով հովվի կինը` Նագմեհ Աբեդինին ելույթ էր ունեցել Գերմանիայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի առաջ, հանդիպել էր Գերմանիայի առաջատար երկու կուսակցությունների` Քրիստոնյա-դեմոկրատական միության և Քրիստոնյա-սոցիալական միության ղեկավարների հետ, ինչպես նաև Ֆրանսիայում հանդիպել էր Եվրախորհրդարանի անդամների հետ: Այս հանդիպումներից հետո քաղաքական գործիչները հանդես էին եկել հայտարարություններով: Մասնավորապես Գերմանիայի մարդու իրավունքների հարցով դաշնային կոմիսար Քրիստոֆ Շտրեսսերը ասել էր.<<Ես Իրանի կառավարությանը կոչ եմ անում անհապաղ փոխել հովիվ Աբեդինիի և բոլոր կրոնական բանտարկյալների դատավճիռները: Ես կոչ եմ անում նաև բժշկական օգնություն ցույց տալ առողջական լուրջ խնդիրներ ունեցող հովիվ Աբեդինիին>>: Տեղեկացնենք, որ ԱՄՆ-ի քաղաքացի, ծագումով իրանցի Սաիդ Աբեդինին Իրանում ձերբակալվել է 2013 թվականի հունվարին և քրիստոնեություն քարոզելու մեղադրանքով դատապարտվել 8 տարվա ազատազրկման: Նա գտնվում է Ռաջայ Շահրի կոչվող բանտում, որտեղ պահում են ամենավտանգավոր և դաժան հանցագործների: Հովիվը բազմիցս ենթարկվել է ծեծի և բռնությունների, որոնց հետևանքով առողջական խնդիրներ ունի: Հովվի կինը և նրա շահերը պաշտպանող <<Օրենքի և արդարադատության ամերիկյան կենտրոնը>> ջանում են հասնել Աբեդինիի ազատ արձակմանը: Ընթացիկ տարվա հունվարին Նագմեհ Աբեդինին հանդիպել էր ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ: Հանդիպման ժամանակ նախագահը հավաստիացրել էր, որ հովվին բանտից ազատ արձակելը Ամերիկայի համար շատ կարևոր է և տեղեկացրել էր, որ Իրանի նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել են նաև այդ հարցին: Սաիդ Աբեդինիին ազատ արձակելու կոչով և պահանջով հանդես են եկել ամերիկացի կոնգրեսականներ, միջազգային իրավապաշտպան և քրիստոնեական զանազան կազմակերպություններ: Ընթացիկ տարվա հունվարին CNN-ին տված հարցազրույցի ժամանակ Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջաֆար Զարիֆին հարց էին տվել հովիվ Աբեդինիի մասին: Նախարարը պատասխանել էր, որ իրենց երկրում գոյություն ունեն ներման տարբեր միջոցներ, որոնք կարելի է կիրառել նման դեպքերում: