Քրիստոնյա բարձրաստիճան հոգևորականները շարունակում են մեկնաբանել միասեռ ամուսնությունների օրինականացումը Իռլանդիայում: Իռլանդիայի  եկեղեցու  առաջնորդ և Դուբլինի արքեպիսկոպոս  Դիարմուրիդ Մարտինը իտալական <<Լա Սթամպա>> թերթին տված հարցազրույցում անդրադարձել էր միասեռ ամուսնությունները օրինականացրած  հանրաքվեին` ասելով.<<Դա վկայում է  իրողություն դարձած շատ խորը երևույթի` մշակութային հեղափոխության մասին>>: Նրա խոսքով  միասեռ ամուսնություններին աջակցողների  թիվը զարմացրել էր նույնիսկ  հանրաքվեի նախաձեռնողներին: Քվեարկության  արդյունքների համար  որոշիչ էր եղել  երիտասարդների ձայները` որոնց 90%-ը կողմ էր քվեարկել: Իսկ այդ երիտասարդների մեծ մասը մանուկ հասակում հաճախել էր կաթոլիկ դպրոցներ: Արքեպիսկոպոսի կարծիքով բավարար չի  միայն փոփոխություններ կատարել երիտասարդների հետ  տարվող հոգևոր աշխատանքում, այլ  նաև եկեղեցին պետք է  խորհի, թե երբ և ինչու է կատարվել  մշակութային այդ հեղափոխությունը  և ինչու եկեղեցու որոշ  ծառայողներ  անտեսել էին  այդ փոփոխությունները: 

Իռլանդիայի հանրաքվեի արդյունքների մասին իր կարծիքն էր հայտնել նաև Իտալիայի եպիսկոպոսների  կոնֆերանսի  նախագահ Անջելո Բանյասկոն: <<Լա Րեփուբլիկա>> թերթին տված հարցազրույցում նա ասել էր.<<Այս արդյունքը  հարցականի տակ է դնում մեր  կարողությունը`  ապագա սերունդներին փոխանցելու այն արժեքները, որոնց մենք հավատում ենք: Այդ  արդյունքը վկայում է մշակութային հեղափոխության մասին,  որը վնասում է մեզ բոլորիս>>: Անջելո Բանյասկոն միաժամանակ նշել էր, որ Եկեղեցին պատրաստ  է երկխոսություն վարել համասեռամոլների հետ, սակայն  ընտանիք է ճանաչում   բացառապես  կնոջ և տղամարդու միջև միությունը և շարունակելու է դեմ դուրս գալ միասեռ ամուսնություններին: Հիշեցնենք, որ մայիսի 22-ին  Իռլանդիայում կայացած հանրաքվեի արդյունքում բնակչության 62%-ը կողմ էր քվեարկել միասեռ ամուսնություններին, իսկ դեմ` 37%-ը: