Christian Post-ի տեղեկացմամբ` Իրանի Քարաջ քաղաքի տնային եկեղեցներից մեկում կատարած ստուգումների ժամանակ ոստիկանությունը ավելի քան ութ քրիստոնյաների ծեծել է  և ձերբակալել: Բացի դա առգրավել են Աստվածաշնչեր, քրիստոնեական գրականություն: Ներկայումս ձերբակալվածների գտնվելու վայրը հայտնի չի: Թեմի մյուս անդամների բնակարաններում ևս խուզարկություններ են կատարվել: Մարդու իրավունքների  պաշտպանության միջազգային կազմակերպությունների համաձայն Իրանում հալածանքների են ենթարկվում ոչ միայն քրիստոնյաները, այլ նաև հրեաները, զրադաշտի հետևորդները և նույնիսկ սունի մուսուլմանները: Վերջերս իրանական իշխանությունների կարգադրությամբ քանդել են այն շենքը, որը սունի մուսուլմանական համայնքը օգտագործում էր, որպես աղոթքի տուն: Իրանի կառավարությունը պայքարում է ոչ միայն հավատքի,  այլ նաև  խոսքի ազատության դեմ: Իրանի <<Դիմադրության ազգային խորհրդի>> տեղեկացմամբ ավելի քան հազար ուսուցիչների, ովքեր բողոքել էին ցածր  աշխատավարձի դեմ, մեղադրել էին  հակապետական քարոզչության համար, ձերբակալել էին և կտտանքների ենթարկել: Ներկայումս միջազգային իրավապաշտպան տարբեր կազմակերպություններ, ինչպես նաև Իրանի բանտում գտնվող հովիվ Սաիդ Աբեդինիի կինը ԱՄՆ-ի Կոնգրեսին կոչ են անում կանգնեցնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված  համաձայնագրի կատարումը, քանի դեռ ազատ չեն արձակվել քաղաքական պատճառներով  Իրանում բանտարկված ամերիկացիները` հովիվ Սաիդ Աբեդինին, ծովային հետևակային Ամիր Միրզաի Հեքմաթին,  Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի  պաշտոնաթող գործակալ Ռոբերտ Լևինսոնը և <<Washington Post>>-ի թղթակից  Ջեյսոն Ռեզայան: