Ռուս ուղղափառ եկեղեցու Պատրիարք Կիրիլի խնդրանքով Իրանի իշխանությունները   ընթացիկ տարվա դեկտեմբերի 15-ին, ժամկետից երկու տարի շուտ բանտից  ազատ են արձակելու բողոքական հովիվ,  36-ամյա Ֆարշիդ Ֆաթիին: Այս մասին տեղեկացնում է Ռուս Ուղղափառ եկեղեցու  արտաքին եկեղեցական կապերի  մամուլի ծառայությունը: Տեղեկացնենք, որ Ֆարշիդ Ֆաթիին ձերբակալել էին  2010 թվականին և դատապարտել յոթ տարվա ազատազրկման: Նրան մեղադրել էին Իրանի անվտանգությանը սպառնացող գործունեություն իրականացնելու համար: Մոսկվայի պատրիարքության տեղեկացմամբ` Պատրիարք Կիրիլը տարբեր երկրների   քաղաքական  և կրոնական  առաջնորդների հետ համագործակցության շրջանակներում  մշտապես բարձրացնում է մուսուլմանական երկրներում բանտարկված քրիստոնյաների հարցը:  <<Բանտարկված քրիստոնյաների հարցով Պատրիարք Կիրիլը  բազմիցս  դիմել է Սուդանի, Պակիստանի, Իրանի  իշխանություններին, ինչը մեծ ոգևորությամբ են ընդունել տարբեր հարանվանությունների քրիստոնյաները ողջ աշխարհում>>-հայտարարել են Սինոդի արտաքին եկեղեցական կապերի բաժնում: