Բելգիայում մեծացել է տաճարներում գողության դեպքերի թիվը:  Այս ամռան ընթացքում տաճարներից և մատուռներից գողացել են ծիսական ավելի քան  20 թանկարժեք առարկաներ: Այս թիվը երեք անգամ ավելի է անցյալ տարվա համեմատությամբ: Բելգիայի  կրոնական արվեստի և մշակույթի կենտրոնը  խոր մտահոգություն է հայտնել գողությունների թվի մեծացմամբ  և խորհուրդներ է տվել, թե ինչ կարելի  է անել  գողությունների դեպքում: Կենտրոնի կարծիքով  տաճարներում գողության շատ դեպքերի մասին  ոստիկանությանը չեն տեղեկացնում  կամ էլ հայտնում են ուշացումով, ինչը թույլ չի տալիս իրավապահներին օպերատիվ գործելու: Ոստիկաններին կհաջողվի  գտնել գողոնը, եթե ժամանակին տեղեկացված լինեն: Մշակութային կենտրոնը խորհուրդ է տվել  նաև  լայնորեն տեղեկատվություն տարածել գողացված  իրերի մասին, համացանցում տեղադրել լուսանկարները, նկարագրել գողացված ապրանքները, ինչը  կնվազեցնի այդ իրերը վաճառելու հնարավորությունները: Հնարավոր է, որ մարդիկ, ովքեր գնել են այդ իրերը բարի կամք դրսևորեն  և վերադարձնեն գողացվածը  եկեղեցիներին: