Ի՞նչ նկատի ունեն մարդիկ, երբ ասում են՝ «յոթերորդ երկնքում եմ»: Պատասխանն այս հարցին ակնհայտ է. մարդը այնքան լավ է իրեն զգում, որ ասես դրախտում լինի: Բայց ինչո՞ւ դրախտը կոչել յոթերորդ երկինք: Մի՞թե այս արտահայտությունը որևէ հիմք ունի:
Իսկ ամեն բան իրականում շատ պարզ է սկսվել: Մեկ անգամ հնագույն Հունաստանի մտածողներից Արիստոտելը իր «Երկնքի մասին» աշխատությունում ենթադրություն է արել, թե երկինքը բաղկացած է յոթ բյուրեղային ոլորտներից, որոնց վրա էլ ամրացված են աստղերն ու մոլորակները:
Այս վարկածը մեծ տարածում է ունեցել անտիկ ժամանակաշրջանում, այնուամենայնիվ, այն, իհարկե, չի հաստատվել: Ահա, թե որտեղից է եկել այս արտահայտությունը: Եվ այժմ էլ հաճախ օգտագործվում է գրականության ու պոեզիայի մեջ, քրիստոնեական գրականությունն էլ, այս առումով, բացառություն չէ: «Մինչև յոթերորդ երկինք» արտահայտությունը խորհրդանշում է գոյության ու երանության բարձրակետը:
Բայց ճշմարտությունն այն է, որ Աստվածաշնչում խոսք չկա յոթերորդ երկնքի մասին: Պողոս առաքյալի հետևյալ խոսքերն են վկայում երկնքի մասին. «Ինչ որ աչք չտեսավ, և ականջ չլսեց, և մարդու սիրտ չընկավ, այն պատրաստեց Աստված իրեն սիրողների համար» (Ա Կորնթացիս 2.9):
Սա նշանակում է, որ մեր մտքի, մեր պատկերացման համար անհասանելի է գիտությունը դրախտի մասին: Երկնքի Արքայության բոլոր մեզ հասանելի նկարագրությունները պոետիկ ձևով են ներկայացված:
Ոսկե դարպասներով դրախտի նկարագրությունը՝ ամպերով ու հրեշտակներով, ովքեր նվագում են տավիղների վրա, հաճախ եղել են գրողների երևակայության արդյունք, ովքեր իրենց պատկերացումների հիմնավորումը չունեն Սուրբ Գրքի էջերում:
Այս մասին լավ է գրել քրիստոնյա գրող Ք. Ս. Լյուիսը.
«Իմաստ չկա ուշադրություն դարձնելու այն մարդկանց, ովքեր ջանում են ծաղրել երկնքի մասին քրիստոնեական հույսը՝ ասելով, թե իրենք չեն ցանկանում անցկացնել ողջ հավիտենությունը՝ տավղի վրա նվագելով: Այդ մարդկանց պատասխանել է պետք, որ եթե իրենք չեն կարողանում հասկանալ գրքերը, որոնք գրված են մեծահասակների համար, ապա չպետք է նաև դատողություններ անեն դրանց մասին: Սուրբ Գրքի բոլոր այդ առարկաները՝ տավիղները, պսակները, ոսկին, պարզապես միջոց են՝ արտահայտելու այն երկնայինը, ինչն արտահայտելն իրականում անհնար է:
Երաժշտական գործիքները Աստվածաշնչում հիշատակվում են այն պատճառով, որ շատ մարդկանց համար (ոչ բոլորի) երաժշտությունը մեր աշխարհում գոյություն ունեցող այն երևույթն է, որը ամենից լավ է արտահայտում հավիտենության ու երանության վերապրումը: Պսակները կամ թագերը ցույց են տալիս այն, որ մարդիկ, ովքեր միաբանվել են Աստծո հետ հավիտենության մեջ, Նրա հետ կկիսեն նաև Իր փառքը, զորությունն ու ուրախությունը: Ոսկին խորհրդանշում է այն, որ երկինքը ժամանակի իշխանությունից դուրս է (չէ՞ որ այդ մետաղը չի ժանգոտում, ուստի դրա արժեքն անցողիկ չէ)»:
Ըստ memo.im-ի
Աղբյուր ՛ www.crossnews.am