Վերջին բժշկական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աղոթքը օգնում է մարդկանց ոչ միայն պահպանել առողջությունը, այլ նաև արագ վերականգնել: ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի Դյուկի համալսարանի Աստվածաբանության և առողջության կենտրոնի տնօրեն Հերոլդ Կոենիգը գիտական ամսագրերից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ ավելի քան 1500 բժշկական ուսումնասիրությունները ապացուցում են, որ կրոնական մարդիկ ունեն ավելի կայուն հոգեբանական և ֆիզիկական առողջություն: <<Հավատքի և առողջության միջև կապը ուսումնասիրող 125 հետազոտություններից 85-ում ապացուցված է, որ կանոնավոր եկեղեցի հաճախող մարդիկ ավելի երկարակյաց են>>-ասել էր ամերիկացի գիտնականը: Նա նշել էր, որ աղոթքները արդյունավետ են եղել տեսողության և լսողության հետ խնդիրներ ունեցող մարդկանց համար:<<Կատարված փորձերի արդյունքում պարզվել է, որ աղոթքից հետո հիվանդների մոտ զգալի առաջխաղացում էր գրանցվել: Կրոնական կյանքի առավելություններն այն են, որ հավատացյալները ավելի լավ են համակերպվում կյանքի պայմաններին, ավելի հեշտ են տանում սթրեսները, ավելի լավատես են, ավելի քիչ են տառապում դեպրեսիաներից, քիչ են անհանգստանում և շատ քիչ են ինքնասպանության դեպքերը: Նրանց իմունային համակարգը ավելի դիմացկուն է, արյան ճնշումը նորմալ, սիրտ անոթային համակարգը ավելի ուժեղ>>- պատմել էր Կոենիգը: Ավելի վաղ Սան Ֆրանցիսկոյի հիվանդանոցում կատարած ուսումնասիրությունը ապացուցել էր աղոթքի արդյունավետությունը սրտի խնդիրներ ունեցող հիվանդների համար: Անծանոթ մարդիկ աղոթել էին 393 հիվանդներից կեսի համար: Այն հիվանդների մոտ, որոնց համար աղոթել էին, ավելի քիչ բարդություններ էին առաջացել, թոքաբորբով ավելի քչերն էին հիվանդացել և ավելի քիչ դեղորայք էին օգտագործել և ավելի արագ էին առողջացել: