Համաշխարհային ճանաչում ունեցող ամերիկացի ավետարանիչ Ֆրանկլին Գրեհեմը սկսել է աղոթքի և քարոզչության արշավը, որը կոչվում է <<Ամերիկայի վճռականություն>>: Աղոթքի առաջին հավաքը կայացել էր հունվարի 5-ին Այովա նահանգի մայրաքաղաք Դե Մոյնի կառավարության շենքի առջև: Գրեհեմը աղոթել էր իր ընտանիքի, ծառայողական թիմի և աղոթքին մասնակցած մարդկանց հետ: Նշենք, որ 2016 թվականի ընթացքում ամերիկյան բոլոր նահանգներում աղոթքի շրջագայություն անցկացնելու իր մտադրության մասին Ֆրանկլին Գրեհեմը հայտարարել էր անցյալ տարվա սեպտեմբերին: Զուգահեռներ անցկացնելով Նեեմիայի գրքի պատմության և Ամերիկայի ներկայիս վիճակի միջև Գրեհեմը ասել էր. <<Ամերիկայում կործանվում են աստվածաշնչյան բարոյականության պատերը: Քրիստոնեությունը և մեր կրոնական ազատությունը պաշարման մեջ են: Մենք չենք կարող ոչինչ չանել: Պետք է Նեեմիայի նման համարձակորեն ոտքի կանգնենք և մեր ազգի անունից աղաղակենք Աստծուն: Աստվածաշունչը մեզ կոչ է անում լինել այս աշխարհի աղը և լույսը:Պետք է դադարենք հանդիսատեսի կարգավիճակում լինելուց և ակտիվորեն մասնակցենք երկրի կյանքին, աղոթենք, որպեսզի դադարի ամերիկյան ազգի բարոյական կործանումը>>: