Fides գործակալության համաձայն` Քենիայի հյուսիս արևելքում գտնվող Գարիսա քաղաքի մոտակայքում <<Ալ Շաբաբ>> իսլամական ահաբեկչական խմբավորման անդամները հարձակվել էին ուղևորատար երթուղային ավտոբուսի վրա: Իսլամիստ գրոհայինները փորձել էին առանձնացնել մուսուլմաններին և քրիստոնյաներին, վերջիններիս սպանելու նպատակով: Սակայն մուսուլման ուղևորները դիմադրել էին և այդ կերպ փրկել քրիստոնյաների կյանքը: Գարիսա քաղաքի կաթոլիկ եպիսկոպոս Ջոզեֆ Ալեսանդրոն այդ արարքը հերոսական էր անվանել: <<Դա համարձակ, բարի արարք է և վկայում է, որ քենիացի մուսուլմանները դեմ են բռնություններին և սպանություններին>>-ասել էր եպիսկոպոսը: Մուսուլմանները պաշտպանելով քրիստոնյաներին լրջորեն վտանգել էին իրենց կյանքը: Այդ հարձակման արդյունքում զոհվել է մեկ ուղևոր: <<Իսլամիստ ահաբեկիչները կհասկանան, որ մուսուլմանական համայնքը չի աջակցում իրենց: Հուսով ենք, որ մեր երկրի քաղաքացիները միասնաբար կպայքարեն իսլամիստ ահաբեկիչների դեմ >>- հայտարարել էր եպիսկոպոս Ջոզեֆ Ալեսանդրոն: Ի դեպ 2014 թվականի նոյեմբերին <<Ալ Շաբաբի>> գրոհայինները դարձյալ հարձակվել էին երթուղային ավտոբուսի վրա և սպանել 22 քրիստոնյաների: Այդ ժամանակ նույնպես քրիստոնյա ուղևորներին առանձնացրել էին մուսուլմաններից: