Сhristian Рost-ի տեղեկացմամբ ԱՄՆ-ի Կրոնական ազատության հարցերով միջազգային հանձնաժողովը հրապարակել է ամենամյա հաշվետվությունը, համաձայն որի քրիստոնյաների նկատմամբ հալածանքների ամենաբարձր մակարդակը գրանցած 17 երկրներից 12-ում բնակչության մեծ մասը իսլամ է դավանում: Հանձնաժողովի հանձնարարականով այս վերջին զեկույցում «հատկապես վտանգավոր ինը երկրների» ցուցակում ավելացվել են ևս ութ պետություններ, որոնցից յոթը մուսուլմանական են: Այսպիսով ցուցակում ընդգրկված են հետևյալ պետությունները.Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն, Եգիպտոս, Իրաք, Պակիստան, Սիրիա, Տաջիկստան, Վիետնամ, Իրան, Սաուդյան Արաբիա, Սուդան, Թուրքմենստան, Ուզբեկստան, Բիրմա, Չինաստան, Էրիթրեա, Հյուսիսային Կորեա: Հանձնաժողովը կազմել է նաև այն երկրների ցուցակը, որոնց կառավարությունները մասնակցում են կամ էլ թույլ են տալիս կրոնական ազատության մասնակի ճնշումներ: Այդ երկրներն են. Աֆղանստան, Ադրբեջան, Ինդոնեզիա, Ղազախստան, Մալազիա, Թուրքիա, Կուբա, Հնդկաստան և Ռուսաստան: Զեկույցում մտահոգություն է արտահայտված մի շարք երկրներում տիրող իրավիճակի շուրջ: Դրանք են` Բահրեյնը, Բանգլադեշը, Ղրղզստանը, Բելառուսը, Կիպրոսը և Շրի Լանկան: Զեկույցում նշված է, որ հաճախ հալածանքները կամ էլ բռնարարքները կատարում են ոչ պետական կառույցները: Դրանց թվին են պատկանում ահաբեկչական կազմակերպությունները`օրինակ Սիրիայում և Իրաքում տարածքներ զավթած «Իսլամական պետություն» խմբավորումը, Հյուսիսային Աֆրիկայում գործող «Բոկո հարամը» և այլն: Կրոնական ազատության հարցերով միջազգային հանձնաժողովի նախագահ Կատրինա Լանթոս Սվեթը հայտարարել էր. «Յուրաքանչյուր ազգի պետք է մտահոգի բռնարարքները ոչ միայն մարդասիրական նկատառումներից ելնելով, այլև այն պատճառով, որ անպատժելիության պայմաններում դրանք տարածվում են մյուս երկրներում: Հալածվող կրոնական խմբերի անվտանգությունը, պաշտպանությունը կարելի է երաշխավորել`կիրառելով հավատի ազատ դավանության սկզբունքները»: