Քրիստոնյա տաճարների նկատմամբ հերթական վայրագ արարքն է կատարվել Իսրայելում: Անհայտ անձինք հակաքրիստոնեական գրառումներ են կատարել Երուսաղեմի ամենահայտնի կաթոլիկ վանքերից մեկի պատերին: Վանքը պատկանում է բենեդիկտյան միաբանությանը: Վանքի պատերին և դարպասներին, ինչպես նաև հարևանությամբ գտնվող հույն-ուղղափառ և հայկական գերեզմանատներում իվրիտ լեզվով բազմաթիվ սպառնալիքներ և անեծքներ էին գրառել քրիստոնյաների հասցեին: <<Իրավապահ մարմիններին կոչ ենք անում միջոցներ ձեռք առնել այդ հանցագործությունների դեմ և բարձրացնել քրիստոնյա վանքերի անվտանգությունը>>-ասված է միաբանության հայտարարության մեջ: Ի դեպ այս վանքը բարբարոսների թիրախ է դարձել նաև 2012, 2013 և 2014 թվականներին: Ոստիկանության վարկածներից մեկի համաձայն այդ արարքը հնարավոր է կատարել են ծայրահեղ աջ հրեաները: Դեպքի առնչությամբ հայտարարությամբ հանդես է եկել նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն: <<Այս արարքը դատապարտելի է: Իսրայելը Մերձավոր Արևելքում միակ երկիրն է, որտեղ քրիստոնյաների թիվը մեծանում է, որտեղ գործում է հավատքի ազատությունը բոլոր կրոնների հետևորդների համար: Իրավապահ մարմինները ամեն բան կանեն մեղավորներին հայտնաբերելու համար>>-ասել էր վարչապետը: