Ընտանեկան. Եղեք ծառա, այլ ոչ թե զոհ. Ջոյս Մայեր

//Ընտանեկան. Եղեք ծառա, այլ ոչ թե զոհ. Ջոյս Մայեր

Ընտանեկան. Եղեք ծառա, այլ ոչ թե զոհ. Ջոյս Մայեր

Բոլորս էլ գիտենք՝ ինչ է նշանակում լինել զոհ: Մեզ բազմաթիվ պատմություններ են պատմել քաջասիրտ մարդկանց մասին, որոնք իրենց հավատքի համար սեփական կյանքով են վճարել: Բայց կան մի ուրիշ տեսակի քրիստոնյաներ, որոնք ո՛չ մեծահոգի են, ո՛չ էլ քաջասիրտ: Այդ «զոհերը» միշտ մեծ բավականությամբ պատմում են իրենց կյանքի տառապանքների և մեծ զոհողությունների մասին: Ես ճանաչում եմ այդպիսի մի կնոջ:

Թվում էր՝ նա իր ընտանիքի ստրուկն էր: Ես հոգնել էի լսելուց նրա անվերջանալի պատմություններն այն մասին, թե ինչքան շատ բան էր նա անում բոլորի համար, և թե որքան քիչ էին իրեն գնահատում: Ես տպավորություն էի ստացել, թե նա գրառում էր՝ ինչ էր ինքն անում իր ընտանիքի անդամների համար, և ինչ էին անում վերջիններս իր համար: Արդյունքում նրա ընտանիքը բաժանվեց, և խզվեցին նրա հարաբերություններն իր զավակների հետ: Ինչպիսի՜ ողբերգություն:

Շատ հեշտ է ընկնել «ստրուկ լինելու» թակարդը: Մենք օգնում ենք մեր ընտանիքի անդամներին, ընկերներին, սիրում ենք նրանց և նրանցից վարձատրություն ենք սպասում. չէ՞ որ մենք այնքան շատ բան ենք անում կամ ստիպված լինում զոհաբերել նրանց համար: Բայց սպասելի վարձատրությունը չենք ստանում, և դա վշտացնում է մեզ: Մենք սկսում ենք ինքներս մեզ խղճալ և մեզ զոհ համարել:

Մի առավոտ արթնանալով՝ ես սովորականի պես գնացի խոհանոց՝ սուրճ եփելու: Տերն ինձ ասաց, որ աղցան պատրաստեմ Դեյվի համար: Նա շատ է սիրում նախաճաշին մրգային աղցան ուտել և շատ կուրախանար, եթե ես պատրաստեի այն: Նա դեռ քնած էր, և ես բավականին ժամանակ ունեի՝ նրա համար անակնկալ պատրաստելու, բայց ես ընդհանրապես աղցան պատրաստելու ցանկություն չունեի:

Ես կարող էի նրա համար բերել բանան կամ խնձոր, բայց չէի ուզում կտրել մրգերը, խառնել դրանք ափսեի մեջ և դնել սեղանին: Դրա փոխարեն ուզում էի աղոթել և Աստվածաշունչ կարդալ: Ես մտածում էի. «Ինչո՞ւ ես պետք է միշտ նրա համար աղցան պատրաստեմ: Ինչո՞ւ նա ինձ համար ոչինչ չի անում: Ի վերջո, ես պետք է աղոթեմ և Սուրբ Գիրք կարդամ, քանի որ դրանով է պայմանավորված իմ ծառայությունը»:

Սակայն մենք սխալվում ենք՝ կարծելով, որ հոգևոր զբաղվածությունը փոխարինում է հնազանդությանը և մեզ ավելի սուրբ դարձնում: Տերը համբերատար հիշեցրեց ինձ, որ ծառայելով Դեյվին նույնիսկ մանրուքներում՝ ես ծառայում եմ Իրեն: Եվ ես հնազանդորեն պատրաստեցի աղցանը, ինչը հաճելիորեն զարմացրեց ամուսնուս: Ինչքա՜ն ընտանիքներ հնարավոր կլիներ փրկել բաժանումից, եթե ամուսինները սովորեին սեր ցույց տալ իրար՝ հարգելով միմյանց:

Բոլորն ուզում են լինել ազատ, և Հիսուսն իսկապես ազատագրել է մեզ: Բայց այդ ազատությունը նախատեսված չէ եսասիրական ցանկությունների համար: Նա ուզում է, որ մենք ուրախությամբ ծառայենք միմյանց: Ես սիրում եմ իմ ամուսնուն, և այդ սերը ցույց տալու ամենալավ տարբերակը գործերն են: Սիրո մասին խոսքերը գեղեցիկ են, բայց իրական սերը ոչ միայն բառերն են: Ինչպե՞ս կարող եմ ցույց տալ իմ սերը ամուսնուս նկատմամբ, եթե երբեք ոչինչ չեմ անում նրա համար: Ի դեպ, ես որևէ հատուկ վարձատրություն չստացա աղցանը պատրաստելու համար. Դեյվն ուղղակի շնորհակալություն հայտնեց ինձ: Բայց ես գիտեմ, որ հենց այդպիսի արարքներն են իմ ընտանիքին խաղաղություն և ուրախություն բերում:

Մենք շատ օրհնություններից ենք զրկվում, երբ ուրիշների համար չենք անում այն, ինչ ակնկալում ենք նրանցից: Մենք միշտ ցանկանում ենք վարձատրություն ստանալ մարդկանցից, որոնց մենք ծառայում ենք, բայց մեր սպասումները միշտ չէ, որ իրականանում են: Եթե ձեր ամուսնության մեջ ամեն ինչ չէ, որ համապատասխանում է ամուսնության մասին ձեր պատկերացումներին, ապա դուք կարող եք փոխել իրադրությունը, եթե սկսեք այս սկզբունքը կիրառել հենց այսօրվանից:

Միգուցե դուք երկար եք սպասել, որ ձեր ամուսինը ինչ-որ բան անի ձեզ համար, և չեք ցանկացել ինքներդ որևէ բան անել նրա համար: Մի կո՛ղմ դրեք ձեր հպարտությունը և փրկե՛ք ձեր ամուսնությունը: Դադարե՛ք լինել ստրուկի կամ զոհի կարգավիճակում և վե՛րջ տվեք ձեր մեծ զոհողությունների մասին պատմելուն: Սկսե՛ք ծառայել ձեր ամուսնուն/կնոջը: Թող նա՛ լինի ձեր ուշադրության կենտրոնում, և ոչ թե դուք: Եղե՛ք ծառա, այլ ոչ թե զոհ:

   Աղբյուր ՛ www.crossnews.am

About the Author:

Թողնել Հաղորդագրություն