Վրացական լրատվամիջոցների տեղեկացմամբ`Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է ուղղում մտցնել  <<ամուսնություն>> հասկացության  սահմանադրական հոդվածում: Ուղղման  համաձայն << ամուսնությունը միություն է տղամարդու և կնոջ միջև>>: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ,  <<Վրացական երազանք>> կառավարող կոալիցիայի առաջնորդ Գրիգորի Կվիրիկաշվիլին: Նրա կարծիքով  սահմանադրական հոդվածում  ուղղումը ավելի կամրապնդի ամուսնություն  հասկացության բացատրությունը, որը շարադրված  է Քաղաքացիական օրենսգրքում: Ներկայումս Վրաստանի Սահմանադրության մեջ ամուսնության վերաբերյալ հոդվածում ասված է.<< Ամուսնությունը ամուսինների իրավահավասարության վրա հիմնված կամավոր միություն է>>: Խորհրդարանական մեծամասնության  նախաձեռնության առնչությամբ իր հավանությունն  է հայտնել  Վրաստանի պատրիարքարանի քարտուղար, քահանա Միխաիլ Բոտկովելին: << Դա անհրաժեշտ է, որպեսզի հասարակությունը պաշտպանված լինի: Այս նախաձեռնությունը պետք է դրական ընդունվի, քանի որ  աշխարհի  զարգացումները մեզ ստիպում են  Վրաստանի Սահմանադրությունում ներառել պաշտպանական նման մեխանիզմ, որը հասարակության մեջ կամրապնդի առողջ գիտակցությունը>>-ասել էր Բոտկովելին: