Թուրքիայում ուղղափառ, կաթոլիկ, հայկական, սիրիա-յակովիտյան և ավետարանական քրիստոնեական համայնքների ներկայացուցիչները հավաքվել էին Կոստանդնուպոլսի պատրիարքարանում <<Քրիստոնեության հիմնական սկզբունքները>> գրքի շնորհանդեսին: Գիրքը նախատեսված  է մուսուլման ընթերցողի համար: << Մեր պարտքն է մուսուլման մեր քույրերին և եղբայրներին  ճշմարիտ տեղեկություններ  տալ քրիստոնեության մասին, որի ներկայությունը այս հողում  դարերի պատմություն ունի>>-հայտարարել էր  Պատրիարք Բարդուղիմեոսը: Նրա խոսքով գրքի վրա կատարված աշխատանքը  միաբանել է տեղի քրիստոնյա համայնքներին:  Շնորհանդեսին ներկա էին  եղել Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդական տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը,  եպիսկոպոս Սահակ Մաշալյանը, Ստամբուլում և Անկարայում Սիրո- յակովիտյան եկեղեցու առաջնորդական տեղապահ,  միտրոպոլիտ  Մար Ֆիլիկսինոս Յուսուֆ  Չեթին, կաթոլիկ եպիսկոպոս Լուի Պելատրը, Թուրքիայի ավետարանական եկեղեցիների  միության նախագահ, հովիվ Իհսան Օզբեկը: Նշենք, որ գրքի  աշխատանքների համար  հանձնաժողով  էր  ստեղծվել  2002 թվականին, երբ  Թուրքիայի կրթության նախարարությունը դիմել էր հայկական դպրոցների ուսուցիչներին` խնդրելով  քրիստոնեության    վերաբերյալ մի քանի բացատրություններ տալ  կրոնական մշակույթի և էթիկայի դասագրքի համար: Ուսուցիչները խորհրդի համար դիմել էին  Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք, արքեպիսկոպոս  Մեսրոպ Մութաֆյանին, վերջինս էլ  այդ մասին տեղեկացրել էր համայն Ուղղափառ եկեղեցու Պատրիարք  Բարդուղիմեոսին: Շուտով հանձնաժողով են ստեղծում , որի կազմում մտնում են Թուրքիայում գործող քրիստոնեական բոլոր եկեղեցիների ներկայացուցիչները: Գրքի ստեղծման աշխատանքները սկսվել էին 2005թվականին: Տպագրվել է <<Քրիստոնեության հիմնական սկզբունքները>>գրքի 13 հազար օրինակ: