Բողոքական բարեգործական  <<Open Doors>>կազմակերպությունը իր մտահոգությունն է հայտնել  Ստամբուլում բնակվող 15 հովիվների անվտանգության վերաբերյալ: Օգոստոսի 27-ից սկսած հովիվները պարբերաբար  մահվան սպառնալիքներ են ստանում: Այդ հաղորդագրությունները ուղարկում են էլեկտրոնային  փոստով, հեռախոսին կամ էլ գրվում են Facebook սոցիալական ցանցում: Սպառնալիքների ոճը և բովանդակությունը  վկայում են, որ  հեղինակները  իսլամիստ  արմատականներ են:  Հովիվներից մեկի խոսքով էլեկտրոնային նամակում  սպառնացել էին նրան գլխատել. <<Նրանք ասում են, որ մենք ենք պատասխանատու  քրիստոնեություն ընդունած մուսուլմանների համար և Ալլահի կամքով մեզ պետք է գլխատեն>>:  Թուրքիայի բողոքական քրիստոնյաների ասոցիացիայի համաձայն  քրիստոնյաները ընտելացել են սպառնալիքներին, սակայն վերջին շաբաթներին դրանց թիվը կտրուկ ավելացել է և հաշվեհարդար տեսնելու վերաբերյալ հաղորդագրությունները սկսել են պարբերաբար գալ: Կարծիքներ կան, որ այդ բոլոր սպառնալիքների ետևում նույն անձինք են կանգնած: Նամակների մեծ մասում  օգտագործված է  Ղուրանից նույն հատվածը: Իսկ վերջերս ստացված սպառնալիքում   գրված էր.<<Ձեր մահապատժի ժամանակը մոտեցել է, փառք և գոհություն Ալլահին>>: Բացի դա YouTube-ում տեսաերիզ  է հայտնվել, որում  արդարացնում են  իսլամից հրաժարված անձանց սպանությունը: Նշենք, որ Թուրքիան <<Open Doors>>կազմակերպության կողմից հրապարակվող երկրների ցուցակում է,  որոնցում քրիստոնյաները ամենից շատ են ենթարկվում հալածանքների: Իրավապաշտպանների կարծիքով այդ երկրում քրիստոնյաների հալածանքների պատճառը  իսլամական ծայրահեղականությունն է և ազգայնականությունը: