BBC-ի տեղեկացմամբ` Սլովենիայում կայացած   միասեռ ամուսնությունները օրինականացնելու և միասեռ զույգերի կողմից երեխաներ որդեգրելու վերաբերյալ հանրաքվեում բնակչությունը դեմ է քվեարկել: Ընտրողների ավելի քան  63% -ը դեմ է նման ամուսնություններին: Նշենք, որ այս տարվա մարտին Սլովենիայի խորհրդարանը  հաստատել էր  միասեռ ամուսնությունների օրինականացումը, սակայն  ընդիմադիրները կարողացել էին հասնել այն բանին , որ   այդ հարցի վերաբերյալ  հանրաքվե անցկացվի: Պահպանողական ընդդիմությունը հատկապես դեմ է համասեռամոլ զույգերին երեխաներ որդեգրելու իրավունք տալուն: << Հանրաքվեի արդյունքը   հաղթանակ է մեր երեխաների համար>>-հայտարարել էին հանրաքվեի կողմնակիցները: Վերլուծաբանների կարծիքով  այս հանրաքվեի արդյունքը  վկայում է  եվրոպական երկրների միջև գոյություն ունեցող մշակութային տարաձայնությունների մասին: Հետզհետե Արևմտյան Եվրոպան  սեռական փոքրամասնություններին ավելի  շատ ազատություններ է տալիս, մինչդեռ  Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրները  դեմ են հանդես գալիս դրան:  Սլովենիայի բնակչության մեծ  մասը կաթոլիկ է: Երկրի պահպանողականներին աջակցել է Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը: Նա սլովենացիներին կոչ էր արել  պաշտպանել  ավանդական ընտանեկան արժեքները: Սակայն միասեռ ամուսնությունների կողմնակիցները շարունակելու են պայքարը: Այդ մասին հայտարարել են  Միավորված ձախ կուսակցության անդամները, ովքեր միասեռ զույգերի ամուսնությունները օրինականացնող օրենքը  առաջարկել էին խորհրդարանի քննարկմանը: 2012թվականին կայացած հանրաքվեի ժամանակ ևս սլովենացիները մերժել էին միասեռ ամուսնությունների օրինականացումը: