Reuters գործակալության համաձայն` Սաուդյան Արաբիայի  մուսուլման 53 հոգևոր առաջնորդներ համացանցում   ջիհադի կոչ են տարածել, համաձայն որի  մուսուլմանական երկրները պետք է   սրբազան պատերազմ հայտարարեն Սիրիային, Իրանին և Ռուսաստանին:  Հոգևոր առաջնորդները  կոչ են անում բարոյական,  քաղաքական և ռազմական օգնություն տրամադրել  Սիրիայում կռվող իսլամիստներին, որոնց անվանում են <<Սիրիայի սուրբ զինվորներ>>:  <<Եթե նրանք պարտություն կրեն, ապա հերթը կհասնի սունի իսլամ դավանող մյուս պետություններին>>- բացատրում են հայտարարության մեջ: Ռուսական ռազմական օդուժի կողմից իսլամիստների դիրքերի ռմբակոծումը անվանել են <<ուղղափառ խաչակրաց արշավանք>> և համեմատել են  Աֆղանստանում ԽՍՀՄ-ի վարած պատերազմի հետ: Մուսուլման առաջնորդները Սաուդյան Արաբիայի բնակիչներին կոչ չեն անում անձամբ մասնակցել այդ պատերազմին, սակայն չեն էլ արգելում այդ նպատակի համար Սիրիա գնալ: Նշենք, որ Սաուդյան Արաբիան Պարսից ծոցի մյուս երկրների հետ միասին  աջակցում է  Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ  կռվող <<Սիրիայի ազատ բանակ>> խմբավորմանը, որը համարվում է իբրև թե ոչ ծայրահեղական: Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի կողմից ֆինանսավորվող <<Իսլամի բանակ>> խմբավորումը պատերազմ էր հայտարարել Ռուսաստանին: Ի պատասխան  պաշտոնական Մոսկվայի հասցեին հնչող քննադատությունների,  Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր.<<Մեզ դեռևս ոչ ոք չի տեղեկացրել, թե  որտեղ և ինչպես է գործում այդ  բանակը, կամ էլ ոչ ծայրահեղական համարվող մյուս խմբավորումները>>: