Christian Post-ի համաձայն << Ազատության ինստիտուտ>> քրիստոնեական փաստաբանական կազմակերպությունը ԱՄՆ-ի տիեզերական կենտրոնի` NASA-ի  ղեկավարությանը մեղադրել է այն բանի համար, որ քրիստոնյա աշխատակիցներին արգելել է  կենտրոնի լրատվական տեղեկագրում նշել Հիսուսի անունը:  2001 թվականից  Հյուսթոն քաղաքում գտնվող տիեզերական կենտրոնում գործում է  երկրպագության և փառաբանության ակումբ, որը կոչվում է <<Հիսուսը մեր կյանքն է >>: Աշխատանքային ընդմիջման ժամանակ  աշխատակիցները հավաքվում են ակումբում, որտեղ  կարող են շփվել,Աստվածաշունչ կարդալ, փառաբանել Աստծուն:  Ակումբի աշխատանքի մասին  մշտապես  հրապարակում են  տիեզերական կենտրոնի  էլեկտրոնային  լրատվական տեղեկագրում, միաժամանակ նշվում է  ակումբում  քննարկվող թեման: Նախորդ տարի NASA-ի ղեկավարությունը  տեղեկացրել էր աշխատակիցներին, որ Հիսուսի անունը այլևս չի նշվելու տեղեկագրում:  << Ազատության ինստիտուտ>> կազմակերպության ավագ խորհրդական, փաստաբան Ջերեմի Դիսը հայտարարել է, որ  զբաղվելու է այդ գործով,  քանի որ բոլոր ամերիկացիները, այդ թվում պետական ծառայողները իրավունք ունեն ազատ արտահայտել իրենց հավատքը: <<Ազատության ինստիտուտ>>-ը  պաշտոնական նամակ է ուղարկել NASA-ի ղեկավարությանը, որում նշված է, որ նման արգելքը  ուղղակիորեն խախտում է Սահմանադրությամբ երաշխավորված խոսքի և հավատքի ազատությունը: Եթե կենտրոնի ղեկավարությունը չփոխի իր որոշումը, ապա փաստաբանական կազմակերպությունը հայց է ներկայացնելու դատարան: