Հալածվող քրիստոնյաներին աջակցող  << Բառնաբաս>> հիմնադրամը  հայտնել է, որ հավատքի համար քրիստոնյաներին  հալածանքների ենթարկող տարբեր երկրներում մեծ արթնություն է սկսվել: Այն շրջաններում, որտեղ գործում են իսլամական զինված  խմբավորումները, բազմաթիվ մուսուլմաններ  արդեն կասկածի են ենթարկում իրենց հավատքը  և ընդունում են Հիսուսին: Նախկինում Իրաքում  չափավոր մուսուլմանները թշնամաբար էին տրամադրված  քրիստոնեությանը, սակայն ներկայումս տեսնելով իսլամիստ գրոհայինների վայրագությունները, նրանցից շատերը քրիստոնեություն են ընդունում: Մեծ Եկեղեցի է կազմավորվել նաև  Ալժիրում: 1980 թվականին Ալժիրում կային  մի քանի հարյուր քրիստոնյաներ: Ներկայումս նրանց թիվը հասել է 60 հազարի: Քրիստոնյաների թիվը հատկապես մեծացել է 1991-2004 թվականներին, երբ զինված պայքար էր ընթանում  կառավարության և իսլամիստ ապստամբների միջև, որին զոհ է գնացել ավելի քան 100 հազար մարդ: 2006 թվականին  Ալժիրի իշխանությունները սահմանափակող օրենքներ ընդունեցին, սակայն քրիստոնեական եկեղեցին շարունակում է աճել: Իրանում  կառավարությունը  ջանում է խանգարել քրիստոնեության տարածմանը երկրում, սակայն հազարավոր իրանցի մուսուլմաններ  քրիստոնեություն են ընդունում: Իշխանությունները բնակչությանը զգուշացնում են քրիստոնեության  վտանգավորության մասին, ոստիկանությունը  հետապնդում է հովիվներին և նորահավատներին , սակայն դա չի կանգնեցնում  երկրում շարունակվող մեծ արթնությունը: Հաճախ բանտարկված քրիստոնյաների ավետարանության արդյունքում քրիստոնյա են դառնում ոչ միայն կալանավորները, այլ նաև բանտապահները: Մոտ ապագայում Չինաստանը կդառնա  ամենամեծ թվով քրիստոնյաներ  ունեցող երկիրը: Չինաստանում քրիստոնյաների թիվը հասել է ավելի քան  100 միլիոնի: Քրիստոնյաների թիվը գերազանցել է կոմունիստների թվին: Մեծ արթնություն է ապրում նաև Կուբան: Կղզու ողջ տարածքում  բացվել են փոքր եկեղեցիներ: Աստվածաշունչ ունենալ ցանկացողների թիվը այնքան է մեծացել, որ եկեղեցիները դժվարությամբ են կարողանում բոլորին ապահովել  Սուրբ Գրքով:  Սակայն Կուբայի կառավարությունը  դեռևս թույլ չի տալիս  կազմակերպել եկեղեցական դպրոցներ, քրիստոնեական ծրագրեր վարել ռադիոյով կամ հեռուստատեսությամբ: