Նոյեմբերի 10-ին Մոսկվայի և համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը ընդունել էր ՍիրիաՅակովիտյան եկեղեցու Պատրիարք Մար Իգնատիոս Եփրեմ II- ին: Հանդիպման ժամանակ քննարկվել էին Սիրիայում և ընդհանրապես Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, քրիստոնեական համայնքների կրած տառապանքների և դժվարին դրության հարցերը: Պատրիարք Կիրիլը քննադատել էր արևմտյան երկրներին Մերձավոր Արևելքի քրիստոնյաներին չաջակցելու համար: << Գիտենք, որ տարբեր պատճառներով տեղ գտած խտրական վերաբերմունքի դեպքերում միջազգային հանրությունը բողոքում է, մտահոգվում, հռչակագրեր ընդունում , սակայն նման ոչ մի բան չի կատարվում `պաշտպանելու Մերձավոր Արևելքում ոչնչացվող քրիստոնյաներին>>-ասել էր Պատրիարք Կիրիլը: Նա հույս էր հայտնել, որ Սիրիային ցուցաբերվող Ռուսաստանի ռազմական օգնությունը հնարավորություն կտա փոխել իրավիճակը: Իր հերթին էլ սիրիացի Պատրիարքը շնորհակալություն էր հայտնել Ռուսաստանի ռազմական, ինչպես նաև Ռուս ուղղափառ եկեղեցու աջակցության համար: Քննարկել էին նաև 2013 թվականին իսլամիստ գրոհայինների կողմից առևանգված սիրիացի բարձրաստիճան երկու հոգևորականների հարցը, որոնց վերաբերյալ մինչ օրս հավաստի տեղեկություններ չկան: