Ռուսաստանի Հանրային պալատի  և Դաշնային խորհրդի  երիտասարդ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ  Մոսկվայի և համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը  անդրադարձել էր  << Իսլամական պետություն>>  խմբավորման ունեցած մեծ մասսայականության  պատճառներին:  Ըստ Պատրիարքի`պատճառը շատ մուսուլմանների կրոնական անգրագիտությունն է: <<Այդ խմբավորումը  ստիպում է հավատալ, որ  զինված  պայքարը մուսուլմանների համար բացում են դրախտի դռները: Մուսուլմանների մի մասը, ովքեր լավատեղյակ  չեն իսլամին, հավատում են այդ կոչերին>>-հայտարարել  էր Ռուս եկեղեցու առաջնորդը: Նրա խոսքով  ծայրահեղականությունը միշտ օգտագործում է  մարդկանց կրոնական տգիտությունը: << Այն ամենը, ինչ ներկայումս կատարվում է  Մերձավոր Արևելքում   հանդիսանում է վայրագ հանցագործություններ կատարելու նպատակով  կրոնական գործոնը   օգտագործելու սարսափելի օրինակ>>- նշել էր Պատրիարքը:  Նրա կարծիքով  ստեղծված իրավիճակը շտկելու գլխավոր միջոցներից մեկը  դպրոցներում  կրոնի հիմունքների դասավանդումն է, որպեսզի երեխաները պատկերացում ունենան  հավատքի մասին: Պատրիարք Կիրիլը զգուշացրել էր նաև  ուղղափառ արմատականությունից` նշելով որ ներկայումս կան մարդիկ, ովքեր կոչ են անում պաշտպանվել մուսուլմաններից:   <<Չպետք է թույլ տալ ծայրահեղականության առաջացումը, որը հանուն ուղղափառության  մարդկանց կսադրի միջկրոնական  բախումների>>-հայտարարել էր Պատրիարքը և եզրափակել.<<Եկեղեցու և կրոնական կազմակերպությունների խնդիրն է մարդկանց դաստիարակել կրոնական ավանդույթներով, որպեսզի  ոչ մի դեպքում քաղաքական նպատակներ հետապնդող  ուժերը չկարողանան  օգտագործել կրոնը և հավատքը մարդկանց ծանր հանցագործությունների  դրդելու  համար>>: