Կուբա կատարած իր եռօրյա այցի ժամանակ Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը այցելել էր Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի տուն և հանդիպել նրա հետ: Հանդիպմանը ներկա էին եղել Վատիկանի մի քանի ներկայացուցիչներ, Կաստրոյի կինը, և զավակները: Վատիկանի ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդիի տեղեկացմամբ մոտ 40 րոպե տևած հանդիպումը անցել էր եղբայրական և բարեկամական ջերմ մթնոլորտում: Պապը և Ֆիդել Կաստրոն քննարկել էին միջազգային իրավիճակը, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության հարցը: Հանդիպման ժամանակ կողմերը նվերներ էին փոխանակել: Պապը նվիրել էր իր ելույթների երկու հավաքածուն: Կաստրոյի համար հատկապես կարևոր էր Պապի նվիրած տեսասկավառակը` իսպանացի ճիզվիտ քահանա Ամանդո Լորիետեի հոդվածների և քարոզների հավաքածուով: Ժամանակին Ամանդո Լորիետեն եղել էր պատանի Ֆիդելի ուսուցիչը, սակայն Կուբայում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, 1961թվականին այդ քահանային արտաքսեցին երկրից հեղափոխական վարչակազմը չընդունելու պատճառով: Ֆիդել Կաստրոն Պապին նվիրել է իր << Կաստրոն և կրոնը>> գիրքը, որում շարադրված է Բենեդիկտոս 16-րդ Պապի հետ ունեցած զրույցի բովանդակությունը: Նշենք, որ Կուբա կատարած այցի շրջանակներում Ֆրանցիսկ I-ը պաշտոնական բանակցություններ է անցկացրել նախագահ Ռաուլ Կաստրոյի հետ: