Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը  հնարավոր է հաջորդ տարի այցելի Հայաստան: Այս մասին հայկական լրատվամիջոցներին հայտնել էր Վատիկանի Արևելյան եկեղեցիների հարցերով կոնգրեգացիայի ղեկավար, կարդինալ Լեոնարդո Սանդրին Հայաստան կատարած այցի ժամանակ: Նշենք, որ անցյալ տարի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վատիկան կատարած պաշտոնական այցի ժամանակ  Պապին հրավիրել էր այցելել Հայաստան: Նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ  Ֆրանցիսկ I-ը  ընդունել էր հրավերը` ասելով,  որ Հայաստան այցելելը իր սրտի ցանկությունն է: Կարդինալ Սանդրին  Հայաստան էր  ժամանել այս  տարվա  սեպտեմբերի 24-ին, հաջորդ օրը  Հայ Կաթոլիկ  եկեղեցու  Պատրիարք Գրիգոր Պետրոս XX -ի հետ միասին  առաջնորդել էր Գյումիրում  Սուրբ Նահատակներ  եկեղեցու օծման արարողությունը, իսկ սեպտեմբերի  27-ին  մասնակցել էր  սուրբ մեռոնի օրհնության արարողությանը Էջմիածնում: Ռուսական լրատվամիջոցների համաձայն Ֆրանցիսկ I-ը  ցանկություն է հայտնել  այցելել նաև  Չինաստան: << Ես շատ կցանկանայի  Չինաստան գնալ: Սիրում եմ չին ժողովրդին  և բարին եմ ցանկանում : Չինաստանի հետ լավ հարաբերությունների հույս ունեմ: Մենք կապ ենք պահպանում: Անհրաժշտ է առաջ գնալ>>- ասել էր Պապը  Ֆիլադելֆիայից Հռոմ վերադառնալիս ինքնաթիռում  լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Տեղեկացնենք, որ Չինաստանի և Վատիկանի միջև  դիվանագիտական հարաբերությունները  դադարել են 1951 թվականին: Ներկայումս Չինաստանում փաստացի գործում են կաթոլիկ երկու եկեղեցիներ, որոնցից մեկի եպիսկոպոսներին  նշանակում են չինական իշխանությունները առանց Վատիկանի հետ համաձայնեցնելու: Այս եկեղեցին ունի մոտ 4 միլիոն  անդամ: