Asinews-ի համաձայն`Նեպալի կառավարությունը որոշում է ընդունել  Սուրբ Ծննդյան տոնը  հանել երկրի ազգային տոների ցուցակից: Այս որոշման դեմ բողոքում են  կաթոլիկ և բողոքական քրիստոնյաները, ովքեր կազմում են Նեպալի բնակչության 1.5%-ը: <<Մենք ստիպված էինք ընդունել այս որոշումը և դրանով նպատակ չունենք  ոտնահարել քրիստոնյաների իրավունքը: Այդ կերպ ցանկանում ենք  վերահսկել  հասարակական տոների ավելի ու ավելի մեծացող քանակը: Կառավարությունը պատրաստ է  պետական հաստատություններում աշխատող քրիստոնյաների համար  Սուրբ Ծննդյան օրը հանգստյան օր հայտարարել>>-ասել էր  Նեպալի ներքին գործերի նախարար Շաքթի Բասնեթը: Սակայն այս մեկնաբանության հետ համամիտ չեն քրիստոնյաները: Քրիստոնյաների ազգային  դաշնության  գլխավոր քարտուղար, հովիվ Գահաթրաջը ասել էր.<<Նեպալում քրիստոնյաները աշխատում են ոչ միայն պետական կառույցներում: Եթե Սուրբ Ծնունդը դադարի ազգային տոն լինելուց, ապա մասնավոր սեկտորում աշխատող քրիստոնյաները չեն կարողանա նշել այդ տոնը: Կառավարությունը պաշտոնապես ճանաչել է  հինդուիստական 83 տոն, սակայն չի ցանկանում ճանաչել քրիստոնեական այդ մեկ տոնը>>:Նշենք, որ Սուրբ Ծնունդը   ներառել էին ազգային տոների ցուցակում 8 տարի առաջ, երբ  Նեպալը հռչակվել էր աշխարհիկ պետություն: Հիսուս Քրիստոսի ծննդյան տոնը նշում են   ոչ միայն քրիստոնյաները, այլ նաև մյուս կրոնների հետևորդները: Հովիվ Գահաթրաջը մտահոգություն էր հայտնել, որ  երկրի իշխանությունները գտնվում են  հակաքրիստոնեական  միտումների ազդեցության տակ: << Կառավարությունը  անտեսում է մեզ և ցանկանում է  զրկել  բոլոր իրավունքներից>>-հայտարարել էր հովիվը: Նեպալի քրիստոնյա առաջնորդները հանրագիր են կազմել, որը ներկայացնելու են երկրի վարչապետին և ներքին գործերի նախարարին: <<Մենք պատրաստ ենք զոհվել  հանուն մեր հավատքի և խղճի ազատության:Մենք կառավարությունից պահանջում ենք չեղյալ համարել ընդունված որոշումը: Եթե մեր պահանջը չկատարվի, ապա քրիստոնյաները կսկսեն բողոքի ակցիաներ անցկացնել երկրի ամբողջ տարածքում>>-ասել էր հովիվ Գահաթրաջը: Քրիստոնյա առաջնորդները քննադատել են նաև  քաղաքացիական նոր օրենսգրքի 156-րդ հոդվածը, որը արգելում է  մի կրոնից մյուսին անցնելը: <<Այդ  հոդվածը ուղղված է քրիստոնյա հովիվների և քահանաների դեմ: Հոդվածի համաձայն որևիցե մեկին  քրիստոնեության դարձնելու համար  քրիստոնյա ծառայողին բանտարկություն է սպասվում>>-հայտարարել էր  հովիվ Գահաթրաջը: