1517թվականի հոկտեմբերի 31-ին Մարտին Լյութերը իր 95թեզիսները  փակցրել էր Վիտտենբերգի տաճարի դռանը: Բողոքական շատ եկեղեցիներ դա  տոնում են  հոկտեմբերի վերջին կամ էլ նոյեմբերի առաջին կիրակի օրը: Այս տարի  տոնը համընկավ  նոյեմբերի 1-ին: Այդ  օրվա կապակցությամբ Christian Post  կայքը հրապարակել է  մի քանի  հետաքրքիր  փաստեր    Ռեֆորմացիայի վերաբերյալ:

1.Մարտին Լյութերը վիճարկում էր պապական ինդուլգենցիայի  գաղափարը ոչ թե   Կաթոլիկ եկեղեցուց առանձնանալու նպատակով, այլ  Սուրբ Գրքի ճիշտ մեկնաբանության համար` հատկապես  ապաշխարության  գաղափարի:Այդ ժամանակ  կաթոլիկ որոշ հոգևորականներ   ինդուլգենցիաներ էին վաճառում, խոստանալով, որ դրանցով կներվեն մարդկանց անցյալ և ապագա բոլոր մեղքերը: Մարտին Լյութերը դեմ էր  հանդես գալիս  փրկության, ներման և ապաշխարության  նման առք ու վաճառքին:

2.Լյութերը  Աստվածաշունչը թարգմանեց գերմաներեն լեզվով, ինչը  Սուրբ Գիրքը հասանելի դարձրեց  ժողովրդի համար: Նոր Կտակարանի թարգմանության աշխատանքները ավարտել էր 1522 թվականին, իսկ 1534 թվականին  ավարտել էր Հին Ուխտի թարգմանությունը:

3.Ռեֆորմացիայի օրը ազգային  տոն է Չիլիում:   Այդ երկրում, որը ժամանակին ամբողջապես կաթոլիկ էր, ներկայումս  բուռն զարգացում  է ապրում բողոքականությունը` հատկապես հիսունական շարժումը:

  1. Մարտին Լյութերը կաթոլիկ էր,երբ Վիտտենբերգի տաճարի դռանը փակցնում էր իր թեզիսները: Նա ցանկանում էր բարեփոխել կրոնական ավանդույթները: Այդ ժամանակ Լյութերը կաթոլիկ հոգևորական էր և աստվածաբանություն էր դասավանդում Վիտտենբերգի համալսարանում: Նա իր թեզիսները տարածեց ամբողջ Եվրոպայում հույս ունենալով, որ դրանք բանավեճեր կառաջացնեն, որոնք կհանգեցնեն կրոնական ավանդույթների վերանայմանը: