Դեկտեմբերի 8-ին հազարավոր կաթոլիկներ էին հավաքվել Սուրբ Պետրոսի հրապարակում մասնակցելու Գթասրտության հոբելյանական տարվա կամ Սուրբ տարվա բացման հանդիասավոր արարողությանը: Արարողության սկզբում  Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը   Սուրբ Պետրոսի տաճարում    հանդիսավոր բացեց Սուրբ Դուռը, որից հետո  հրապարակում պատարագ մատուցեց, որին  ներկա էր ավելի քան 70հազար մարդ: Հանդիսությանը մասնակցում էին  նախկին` Բենեդիկտոս  16-րդ Պապը, Իտալիայի նախագահը, վարչապետը, կառավարության անդամներ,   քաղաքական, հասարակական  գործիչներ: Դեկտեմբերի 13-ին  Սուրբ Դռներ  բացվելու են նաև  մյուս երեք խոշոր`Լաթերանյան, Սուրբ Մարիամ Աստվածածնի և Սուրբ Պողոսի տաճարներում:  Գթասրտության հոբելյանական  տարում շեշտը դրվելու է  գթասրտության  և կարիքավորներին  օգնելու վրա: Յուրաքանչյուր հոբելյանական տարվա բաղկացուցիչ մասն է կազմում Սուրբ Դռան  բացման արարողությունը, որի խորհուրդը  մեղքերի ներումն է: Սուրբ Դուռ գոյություն ունի կաթոլիկ բոլոր խոշոր տաճարներում: 24 տարի շարունակ  այդ դռները փակ են պահվում և բացվում են միայն Հոբելյանական տարում:  Ի դեպ Հոբելյանական տարվա բացման   հանդիսավոր արարողությունը և Սուրբ Պետրոսի հրապարակում  Ֆրանցիսկ I-ի մատուցած պատարագը անցկացվել էին   անվտանգության աննախադեպ  խստացված միջոցառումների պայմաններում: Հանդիսությունների  անվտանգությունը ապահովում էին  ավելի քան 2 հազար իրավապահներ:  Տեղեկացնենք, որ   Սրբազան տարին նշելու ավանդությունը սկսվել է Բոնիֆացիոս 8-րդ Պապի ժամանակ: Առաջին անգամ սուրբ տարի է անցկացվել 1300 թվականին: Սկզբում որոշվել էր    հոբելյանական  տարին անցկացնել  հարյուր տարին մեկ անգամ, սակայն հետագայում, 1470  թվականին   Պողոս 2-րդ   Պապի որոշմամբ  Սուրբ  տարին  սկսել են նշել   25 տարին  մեկ անգամ, որպեսզի յուրաքանչյուր սերունդ  կարողանա  մասնակցել հոբելյանական տարվա:  Վերջին անգամ Հոբելյանական  տարին նշվել է 2000  թվականին`Հովհաննես Պողոս II Պապի  որոշմամբ:  Գթասրտության այս  հոբելյանական տարին արտահերթ է: