Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը  Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա ավանդական քարոզի ժամանակ անդրադարձել էր Վատիկանից գաղտնի փաստաթղթերի գողության  դեպքին`այն անվանելով հանցագործություն և ցավալի իրողություն:  Դիմելով հրապարակում ներկա հազարավոր հավատացյալներին Ֆրանցիսկ I-ը նշել էր, որ դա չի կարող խանգարել իրեն շարունակելու սկսած բարեփոխումները:  <<Փաստաթղթերի գողությունը  հանցագործություն է և ցավալի իրողություն, որը ոչինչ չի կարող փոխել>>-ասել էր Պապը: Տեղեկացնենք, որ

Վատիկանում պապական գաղտնի փաստաթղթերի արտահոսքի հետաքննության շրջանակներում  ձերբակալել են Սուրբ Գահի  տնտեսական հարցերով նախկին քարտուղար, մոնսինյոր  Լուսիո Անխել  Վալիեխո Բալդային և  Սուրբ Գահի տնտեսական գործունեության  հարցերով հանձնաժողովի  անդամ Ֆրանչեսկա Չաուկին:  Նրանց տված գաղտնի տեղեկությունները օգտագործվել են դեռևս չտապգրված երկու գրքերում, որոնք պատմում են Վատիկանում տնտեսական ապաշնորհ կառավարման, կոռուպցիայի մասին, ինչպես նաև, թե ինչպես են որոշ բարձրաստիճան կաթոլիկ  հոգևորականներ դիմադրում Պապի կողմից իրականացվող ֆինանսական և վարչական բարեփոխումներին:  Ավելի վաղ փաստաթղթերի գողության վերաբերյալ  Վատիկանի պետքարտուղարության ներկայացուցիչ Անջելո Բեչուն հայտարարել էր, որ Ֆրանցիսկ I-ը վշտացած է այդ դեպքի համար, սակայն  շարունակելու է բարեփոխումները Կաթոլիկ եկեղեցում: Իսկ կարդինալների խորհրդի քարտուղար, եպիսկոպոս Մարչելո Սեմերարոն  փաստաթղթերի գողությունը անվանել էր <<լավ կազմակերպված գործողություն>>, որը նպատակ ունի արգելել Կաթոլիկ եկեղեցում Պապի իրականացրած բարեփոխումները: Եպիսկոպոսի խոսքով  նման սադրանքները չեն կարող կանգնեցնել Պապին  փոփոխություններ  կատարելու ծրագրից: