Հռոմի Պապը այցելել է Լեսբոս կղզու փախստականների ճամբարը

//Հռոմի Պապը այցելել է Լեսբոս կղզու փախստականների ճամբարը

Հռոմի Պապը այցելել է Լեսբոս կղզու փախստականների ճամբարը

Ապրիլի 16-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը մեկօրյա այցով մեկնել էր հունական Լեսբոս կղզի` հանդիպելու փախստականների հետ: Կաթոլիկ Հովվապետին դիմավորել էին   Կոստանդնուպոլսի Պատրիարք Բարդուղիմեոսը, Աթենքի և համայն Հունաստանի արքեպիսկոպոս Իերոնիմոս II-ը, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը : Հռոմի Պապի հայտարարության համաձայն այցի գլխավոր նպատակը   աշխարհի ուշադրությունը միգրացիոն ճգնաժամի նկատմամբ հրավիրելն է : Պապի խոսքով սա   ամենախոշոր հումանիտար ճգնաժամն է 2-րդ համաշխարհային պատերազմից հետո: <<Ես եկել եմ այստեղ, որպեսզի գտնվեմ ձեր կողքին, որպեսզի ասեմ, որ դուք մենակ չեք >>-հայտարարել էր Պապը փախստականների ճամբարում: Այցի ընթացքում Ֆրանցիսկ I-ը, Կոստանդնուպոլսի Պատրիարք Բարդուղիմեոսը և Հունաստանի արքեպիսկոպոս Իերոնիմոս II-ը համատեղ հայտարարություն են ստորագրել, որում աշխարհին կոչ են անում վճռական միջոցներ ձեռնարկել միգրացիոն ճգնաժամը լուծելու համար: << Մենք խորը մտահոգություն ենք հայտնում փախստականների, միգրանտների ողբերգական վիճակի վերաբերյալ, ովքեր Եվրոպա են եկել փրկվելու զինված հակամարտություններից, փրկելու իրենց և ընտանիքի կյանքը: Աշխարհը չի կարող անտեսել հումանիտար այս խոշոր ճգնաժամը, որը բռնությունների տարածման, ռազմական բախումների, կրոնական և ազգային փոքրամասնությունների դեմ հալածանքների արդյունք է: Միջազգային հանրությանը կոչ ենք անում լուծում տալ   ճգնաժամը առաջացնող պատճառներին` օգտագործելով դիվանագիտական, քաղաքական և բարեգործական միջոցները ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ Եվրոպայում >>-ասված է հայտարարության մեջ: Նշենք, որ այցի ավարտին Ֆրանցիսկ I-ը իր հետ Վատիկան է տարել և ապաստան տրամադրել սիրիացի երեք մուսուլման ընտանիքի` ընդհանուր թվով 12 մարդու, որոնցից 6-ը երեխաներ են :

About the Author:

Թողնել Հաղորդագրություն