Լսի՛ր, տղա՛ս, այս խոսքերն ասում եմ, երբ արդեն քնած ես. քո փոքրիկ ձեռքն այտիդ տակ է, իսկ շիկահեր մազերդ  թափված են խոնավ ճակատիդ: Ես ծածուկ մտա քո սենյակ:

Մի քանի րոպե առաջ, երբ լրագիր էի կարդում, մի պահ դադար առնելով՝ գիտակցեցի, թե ինչպես է ինձ պարուրում զղջման խոր զգացումը: Այժմ եկել եմ քեզ մոտ՝ նստած եմ մահճակալիդ կողքին՝ գիտակցելով իմ մեղքը:

Ահա, թե ինչի մասին էի մտածում, տղա՛ս. այսօր ես քեզ վրա «թափեցի» իմ վատ տրամադրությունը: Կոպտեցի, երբ առավոտյան դպրոց գնալիս միայն թաց սրբիչը քսեցիր դեմքիդ: Նկատողություն արեցի կոշիկներդ չմաքրելու համար: Բարկացա, բղավեցի քեզ վրա, երբ հագուստներիցդ մեկը նետեցիր հատակին:

Նախաճաշի ընթացքում ևս կշտամբեցի քեզ. դու պատահաբար շրջեցիր թեյի բաժակը, կարագը չափազանց անփութորեն քսեցիր հացին: Իսկ արդեն գնալու ժամանակ, երբ ես շտապում էի՝ ուշանալով գնացքից, դու շրջվեցիր, ձեռքով արեցիր ինձ և բացականչեցիր. «Ցտեսությո՜ւն, հայրի՛կ», իսկ ես, հոնքերս կիտած, պատասխանեցի. «Ուսերդ ուղղի՛ր»:

Ահա օրվա վերջում ամեն ինչ, ասես, նորից կրկնվեց: Տուն վերադառնալով՝ նկատեցի՝ ինչպես ես ծնկի իջած ինչ-որ գնդիկներով խաղում, իսկ գուլպաներիդ վրա անցքեր կային: Ես նվաստացրի քեզ ընկերներիդ մոտ՝ ստիպելով չքվել աչքիցս: «Գուլպաներն էժան չեն, իսկ եթե ինքդ ստիպված լինեիր գնել քո սեփական գումարով, ապա ավելի ուշադիր և կոկիկ կլինեիր…»: Այս խոսքերն էի անընդհատ կրկնում՝ բղավելով քեզ վրա: Պատկերացնո՞ւմ ես, որդի՛ս, այդ ե՛ս եմ ասել՝ քո հայրը…

Դրանից շատ չանցած՝ դու մտար իմ սենյակ՝ երկչոտ, տխուր… իսկ ես կրկին ինչ-որ բան էի կարդում: Աչքերս վեր բարձրացրի և քեզ նայեցի՝ կոպտելով. «Ի՞նչ ես ուզում»:

Դու ոչինչ չպատասխանեցիր. կտրուկ նետվեցիր դեպի ինձ, վզովս ընկար և համբուրեցիր: Քո այդ փոքրիկ ձեռքերով ամուր գրկել էիր ինձ՝ քնքշագին սիրով, որ Աստված է դրել քո փոքրիկ սրտում, և որը չանհետացավ նույնիսկ իմ արհամարհական վերաբերմունքից:

Դրանից ընդամենը րոպեներ անց, լրագիրը պարզապես սահեց ձեռքերիցս, և այդժամ ինձ համակեց նողկալի, անասելի սարսափը: Ի՞նչ է արել ինձ հետ սովորությունը՝ կշտամբելու, նախատելու սովորությունը: Չէ՞ որ ես երբեք չեմ դադարել սիրել քեզ, ապա ինչո՞ւմն է խնդիրը…

Հավանաբար ես չափազանց շատ սպասումներ ունեի քեզնից, քո պատանեկությունից: Սակայն քո բնավորության մեջ այնքա՜ն ողջամիտ, հրաշալի և անկեղծ գծեր կան: Փոքրիկ սիրտդ նույնքա՜ն մեծ է, որքան արշալույսը՝ հեռավոր բլուրների վրա: Ես դա առավել քաջ գիտակցեցի, երբ հուզմունքից պոռթկալով՝ նետվեցիր ինձ համբուրելու: Այժմ այլևս ոչինչ էական չէ, տղա՛ս: Ես եկել եմ քեզ մոտ, մահճակալիդ կողքին մթության մեջ ամոթահար` խոնարհվում եմ քո առջև:

Դա չնչին քավություն է: Գիտեմ՝ դու չես հասկանա, եթե քեզ պատմեմ այս ամենի մասին: Սակայն այսուհետ ես իրական հայր կլինեմ քեզ համար, որդի՛ս: Կդառնամ քո ընկերը, կտառապեմ, երբ տառապես և կծիծաղեմ, երբ ծիծաղես: Ես կզսպեմ ինքս ինձ, երբ որևէ տգեղ խոսք փորձի դուրս գալ բերանիցս:

Սարսափում եմ այն մտքից, որ մտովի քեզանում հասուն տղամարդու եմ փորձել տեսնել: Սակայն այժմ, երբ նայում եմ քեզ, տղա՛ս, հոգնած կուչ եկած մահճակալում, հասկանում եմ, որ դեռ երեխա ես: Դեռ երեկ մորդ գրկում էիր՝ գլուխդ դրած նրա ուսին, իսկ այսօր… Ես չափազանց շատ բան էի պահանջում, չափազանց շատ…

Հեղինակ՝ Լիվինգսթոուն Լարնեդ (1927թ)

Աղբյուր՝ Crossnews.am