Ապրիլի 24-ին  համայն հայությունը կհարգի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Միլիոնավոր հայեր Հայաստանում և սփյուռքում  գլուխ կխոնարհեն   մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակի առջև:  Հազարամյակների դժվարին  ճանապարհ անցած և մարդկային քաղաքակրթությունը հարստացրած հայ ժողովրդի  կյանքում օրհասական   ժամանակաշրջանը վրա հասավ Առաջին համաշխարհային  պատերազմի տարիներին, երբ տեղահանության  ենթարկվեց և բնաջնջվեց  Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։ Ցեղասպանության օր է համարվում 1915 թ. ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալեցին 600 հայ  մտավորականների: Անցել են տարիներ, մեկ հարյուրամյակից ավելի: Սակայն հայ ժողովուրդը  անմեղ զոհերի հիշատակը պահում է ամենայն սրբությամբ: Հայոց ցեղասպանությունը պատմության մեջ նախադեպը չունեցող ոճրագործություն է, որը թուրք ջարդարարների կողմից  իրագործվեց  հրեշավոր, անմարդկային դաժանությամբ: Արևմտյան Հայաստանը ներկվեց  հայերի  արյունով: Գրեթե 2 միլիոն անմեղ մարդկանց մորթը, կանանց, երեխաների, ծերերի անմարդկային կտտանքները, տարհանումը, հարյուրավոր քաղաքների ու գյուղերի ավերումը իրականացվեց աշխարհի հանցավոր անտարբերության պայմաններում: Բայց հայատյացությունից կուրացած  թուրքական կառավարությունը  հաշվի չէր առել մի բան` որ ժողովուրդը անմահ է, որ հնարավոր չէ ոչնչացնել հայի տեսակը` իր  հավատքով, ազատասիրությամբ, ստեղծագործ  ոգով և կենսասիրությամբ: Չնայած  բազմաթիվ զոհերին հայ ժողովուրդը վերապրեց  ու կանգուն  մնաց: Ավելին` հայ ժողովուրդը  դիմադրեց: Այդ տարիներին  գրվեցին հայ ազգային- ազատագրական հերոսական պայքարի փայլուն  էջերը,  յուրաքանչյուր հայի համար թանկ ու նվիրական են հայ հերոսների անունները, ովքեր իրենց կյանքը տվեցին  ժողովրդի փրկության համար: Մեկ դար է անցել, սակայն հայ ժողովրդի պահանջատիրությունը չի բավարարվել: Հայոց Մեծ եղեռնը  դեռևս միջազգայնորեն չի ճանաչվել, հանցագործ Թուրքիան  չի կանգնել մարդկության և  պատմության դատաստանի առջև և շարունակում է ուրանալ կատարած ոճրագործությունը: Որքան էլ փորձեն  թաքցնել այդ հրեշավոր  հանցագործությունը, միևնույն  է  զոհերի ճիչը  երկինք է հասել: Չէ որ  մարդկային դատաստանից բացի կա նաև Ամենակարող Աստծո դատաստանը: Հայը ուրիշինը չի խլել երբեք, հայը ստեղծագործել է, սեփական քրտինքով ոռոգել հողը,  վանքեր կառուցել, խաչքարեր  ստեղծել, հայը աղոթել է, հայ մայրը աղոթքներով և հայրենասիրական երգերով է  սնուցել իր մանկանը, հայը եթե զենք է վերցրել, ապա պաշտպանելու համար  իր կյանքը, ընտանիքը, հավատքը, արժանապատվությունը: Հայը պահանջատեր կմնա, քանի դեռ չի պատժվել հանցագործը և  ողջ աշխարհի կողմից չի ճանաչվել  Հայոց  եղեռնը: