Փիլիսոփայության մի աթեիստ պրոֆեսոր դասախոսություն էր կարդում Աստծո և գիտության հակադրության մասին: Նա դիմում է իր հավատացյալ ուսանողներից մեկին.

– Դու հավատացյալ ես, այնպես չէ՞:

– Այո´,- պատասխանում է ուսանողը:

– Հետևաբար դու հավատում ես Աստծուն… – շարունակում է պրոֆեսորը:

– Միանշանակ:

– Աստված բարի՞ է:

– Իհա´րկե:

– Աստված ամենակարո՞ղ է:

– Այո´:

– Եղբայրս մահացել է քաղցկեղից,- շարունակում է պրոֆեսորը,- չնայած նա աղոթում էր Աստծուն բժշկության համար: Մեզանից շատերը գոնե կփորձեին ինչ-որ կերպ օգնել հիվանդին, սակայն Աստված չարեց դա, այդ դեպքում ինչպե՞ս կարելի է նրան բարի համարել:

Ուսանողը լուռ էր:

– Ոչինչ, կարող ես չպատասխանել ,- ասում է պրոֆեսորը,- այժմ նորից. Աստված բարի՞ է:

– Այո´:

– Իսկ սատանան բարի՞ է:

– Ո´չ:

– Ո՞վ է ստեղծել սատանային:

– Աստված:

– Ճիշտ է: Հիմա ասա՛ խնդրեմ, աշխարհում կա՞ չարություն:

– Այո´:

– Չարն ամենուր է, այնպես չէ՞: Եվ մենք գիտենք, որ ամենն Աստված է արարել, ճի՞շտ է:

– Այո´…

– Ուրեմն ո՞վ է չարությունն արարել…

Ուսանողը չի պատասխանում:

– Աշխարհը լի է հիվանդություններով, անբարոյականությամբ, ատելությամբ… ճի՞շտ է…

– Այո, պարո´ն:

– Եվ ո՞վ է այդ ամենն արարաել:

Ուսանողը պատասխան չուներ…

Պրոֆեսորը շարունակում է.

– Գիտությունն ապացուցում է, որ ունենք 5 զգայարան՝ շրջական աշխարհը տարբերակելու և ուսումնասիրելու համար: Ասա ինձ, երբևէ Աստծուն տեսե՞լ ես:

– Ո´չ…

– Զգացե՞լ ես քո Աստծո համը, բույրը, շոշափե՞լ ես արդյոք նրան…

– Ոչ պարո´ն, երբեք:

– Սակայն դու հավատո՞ւմ ես նրան…

– Այո´:

– Ըստ փորձարարական, կիրառական ու ցուցադրական թեստի՝ գիտությունն ապացուցված է համարում, որ քո Աստված գոյություն չունի, ի՞նչ կասես,- խորամանկ ժպտում է պրոֆեսորը:

– Ոչինչ, ես պարզապես հավատում եմ…

– Հավատ… Այո´, հենց դա է խնդիրը…

– Բարի,- շարունակում է ուսանողը,- իսկ ի՞նչ կասեք մթության մասին, արդյոք գոյություն ունի՞ այն:

– Իհա´րկե, ապա այդ դեպքում ի՞նչ է գիշերը, եթե ոչ մթություն:

– Ցավոք, դուք սխալվում եք. իրականում մթությունը լույսի բացակայությունն է: Լույսը կարող է լինել աղոտ, պայծառ, նույնիսկ կուրացնող, սակայն երբ այն չկա, մութ է: Փաստորեն այն, ինչ մենք մթություն ենք կոչում, ընդամենը լույսի բացակայությունն է: Իրականում մթություն գոյություն չունի, այլապես մենք կկարողանայինք այն նույնպես կառավարել, ինչպես լույսը: Ճի՞շտ է:

– Եվ ի՞նչ ես ուզում դրանով ասել, երիտասա´րդ:

– Այն, որ ձեր փիլիսոփայական մտքերը թերի են:

– Այսի՞նքն, պարզաբանի´ր:

– Պարզաբանեմ,- շարունակում է ուսանողը,- Դուք առաջնորդվում եք դուալիզմի հիպոթեզով: Դուք պնդում եք, որ կա կյանք և մահ, բարի Աստված և չար Աստված: Դուք Աստծուն սահմանափակ եք ներկայացնում, կարծես Նրան կարելի է շոշափել կամ չափել: Գիտե՞ք՝ գիտությունը նույնպես ունի առեղծվածներ. այն օգտվում է էլեկտրական հոսանքից ու մագնիսական ձգողությունից, սակայն, մինչ օրս ո՛չ տեսել է դրանք, ո՛չ էլ կարողացել մինչև վերջ բացատրել դրանց էությունը: Եթե մահը հակադրվում է կյանքին, այն դադարում է վերացական լինելուց, այնինչ՝ մահը ոչ թե կյանքի հակադրությունն է, այլ դրա բացակայությունը: Այժմ ասացե´ք խնդրեմ, ուսանողներին դուք սովորեցնում եք, որ նրանք կապիկներից են առաջացել, այնպես չէ՞:

– Ելնելով էվոլյուցիայի տեսությունից՝ այո´, այդպես եմ սովորեցնում:

– Իսկ էվոլյուցիան դուք ձեր սեփական աչքերով տեսե՞լ եք, պարո´ն:

Պրոֆեսորը քմծիծաղով տարուբերում է գլուխը՝ հասկանալով, թե զրույցն ինչ ընթացք է ստանում:

– Հետևաբար,- շարունակում է ուսանողը,- եթե ոչ ոք էվոլյուցիան իր ընթացքի մեջ չի տեսել ու չի կարող ապացուցել դրա իսկությունը, դուք ոչ թե գիտական փաստ եք ներկայացնում, այլ՝ սեփական տեսակետը: Ուրեմն՝ դուք ոչ թե գիտնական եք, այլ՝ քարոզիչ:

Լսարանն աշխուժանում է…

– Կա՞ այստեղ մեկը, ով պրոֆեսորի ուղեղին դիպչել է, զգացել դրա հոտը կամ լսել այն… Փաստորեն, ոչ ոք նման փորձ չունի, հետևաբար՝ ըստ փորձարարական, կիրառական ու ցուցադրական թեստի՝ գիտությունն ապացուցված է համարում, որ դուք ուղեղ չունեք, հարգելի´ պրոֆեսոր: Իսկ հիմա ինչպե՞ս վստահենք ձեզ և ձեր տված ինֆորմացիային…

Լսարանում քար լռություն էր տիրում… Պրոֆեսորն այլայլված դեմքով նայում էր ուսանողներին:

– Դու պարզապես պետք է հավատաս իմ ուղեղի գոյությանը, երիտասա´րդ,- ասում է նա:

– Այո պարո´ն, հենց դա ես նկատի ունեմ: Մարդու և Աստծո կապն էլ հենց հավատն է: Այն միակ ուժն է, որ երևույթները կյանքի է կոչում և պահում դրանց կապը…

Այս հնարամիտ ուսանողը Ալբերտ Էյնշտեյնն էր:

Աղբյուր՝ Crossnews.am