Ամերիկան ի սկզբանե իրեն համարել է քրիստոնեական երկիր: Բայց հիմա քրիստոնյաների համար օրեցօր ավելի անհարմար է դառնում այդ երկրում ապրելը: Այս մասին է վկայում հասարակական կարծիքի ուսումնասիրության համազգային հարցումը, որը անց է կացրել LifeWay Research պրոֆիլային հետազոտական կազմակերպությունը, գրում է The Washington Times–ը:

Ըստ հրապարակման, հիմա ամերիկացիների 63 տոկոսը համաձայն է, որ քրիստոնյաները ԱՄՆ –ում սկսել են ավելի շատ բախվել անհանդուրժողականության դրսեւորումների: Տասից վեցը համարում է նաեւ, որ երկրում կրոնական ազատությունն անկում է ապրում: 2013-ին նմանատիպ հետազոտության ընթացքում համապատասխան ցուցանիշները 50 եւ 54 տոկոս էին:

Մյուս կողմից էլ ավելանում է նաեւ նրանց քանակը, ովքեր վստահ են, որ քրիստոնյաները չափից շատ են բողոքում իրենց նկատմամբ սխալ վերաբերմունքից: Նման տեսակետ է հայտնել հարցման մասնակիցների 43 տոկոսը, իսկ երեք տարի առաջ՝ 34 տոկոսն էր այդպես կարծում:

Վերլուծելով հարցման արդյունքները, որն անցած աշնանն ընդգրկել է ամբողջ երկրում բնակվող 1000 մարդու, կազմակերպիչները հանգել են այն եզրակացության, որ քրիստոնյաների նկատմամբ կողմնապահությունն ամենից սուր է ընկալվում ԱՄն հարավում: Բողոքականները միջինը կաթոլիկներից ավելի հաճախ են դժգոհում, տարեց մարդիկ երիտասարդներից հաճախ, իսկ միջնակարգ կրթություն ունեցողներն էլ՝ բարձրագույն կրթություն ստացածներից հաճախ:

Թերթն իր կողմից հիշեցնում է, որ հարցումն անց է կացվել այն բանից հետո, երբ ԱՄՆ Գերագույն դատարանը անցած տարվա ամռանը չեղարկել է նահանգների այն օրենքները, որոնք արգելում են միասեռականների ամուսնությունները: «Այս որոշումը սրել է աճող վեճերն այն մասին, թե որտեղ է ավարտվում կրոնական ազատությունն ու սկսվում խտրականությունը»,- գրում է պարբերականը:

Երկրի մի քանի նահանգներում արդեն փորձեր են ձեռնարկվում պաշտպանել հավատացյաալների զգացմունքները՝ ընդունելով նոր օրենքներ «կրոնական ազատության վերածնունդի մասին» կամ ԱՄՆ սահմանադրությունում «Առաջին փոփոխության պաշտպանության» մասին, որն էլ հենց երաշխավորում է իրավունքներն ու ազատությունները: «Սակայն սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանները ասում են, որ նման օրենքները խտրական են, ու մի քանի նահանգներում արդեն կոշտ արձագանք են սադրել տեղի բիզնես համայնքի կողմից»,- արձանագրում է The Washington Times–ը

Թերթի կարծիքով ստեղծված իրավիճակն ընդանուր առմամբ վկայում է երկրում կրոնական ազատության հարցի շուրջ «աճող բեւեռականացման» մասին:

Աղբյուր՝ News.am