Համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում շարունակում  է մնալ Ռուս – ուղղափառ և Հռոմեա-կաթոլիկ եկեղեցիների առաջնորդների  պատմական հանդիպումը, որը կայացել էր փետրվարի 12-ի Կուբայի մայրաքաղաք Հավանայի հարևանությամբ գտնվող Սան Մարտի միջազգային օդանավակայանում: Պատրիարք Կիրիլի և Ֆրանցիսկ I Պապի հանդիպումը տևել էր ավելի քան 2ժամ: Մոսկվայի Սինոդի արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավար միտրոպոլիտ Իլարիոնի խոսքով  հոգևոր առաջնորդների զրույցը ընթացել  էր  եղբայրական  ջերմ մթնոլորտում: Քննարկել  էին քրիստոնյաների հալածանքների, Եվրոպայում քրիստոնեական ավանդույթների պաշտպանության կարևորության, Ուկրաինայի եկեղեցում առկա պառակտման  և այլ հարցեր: Հանդիպման ավարտին  Պատրիարքը և Հռոմի Պապը ստորագրել  էին համատեղ հռչակագիր, որում անդրադարձել էին  քրիստոնեական եկեղեցու  պառակտմանը  և հույս էին հայտնել, որ իրենց հանդիպումը աշխարհի քրիստոնյաներին կոգևորի աղոթելու  եկեղեցու լիակատար միասնության համար: Հռչակագրում   կոչ է արվում նաև պաշտպանել Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում հալածվող  քրիստոնյաներին, դադարեցնել ահաբեկչությունը: Համատեղ փաստաթղթում անդրադարձել են հղիության արհեստական ընդհատումների, այսպես կոչված միասեռ ամուսնությունների, էվթանազիայի  և այլ հարցերի:  Նշենք, որ պատմական այս հանդիպումը  լուսաբանում էին  համաշխարհային առաջատար լրատվամիջոցները, ներկա էին եղել  200 լրագրողներ`չնայած հանդիպման մեծ մասը անցել էր փակ դռների ետևում: