Փարիզի հարևանությամբ գտնվող Արնուվիլ քաղաքում իրաքցի քրիստոնյաների համար եկեղեցի են բացել: Բացման հանդիսավոր արարողությունը կատարել էր Քաղդեա-կաթոլիկ եկեղեցու պատրիարք, Բաղդադի արքեպիսկոպոս  Լուիս  Ռաֆաել Սակոն:  Նա շնորհակալություն էր հայտնել Ֆրանսիայի կառավարությանը  իրաքցի փախստական քրիստոնյաներին օգնելու համար: Դիմելով իրաքցի քրիստոնյաներին  Պատրիարքը  կոչ էր արել շնորհակալ լինել և բարի վերաբերմունք դրսևորել  իրենց ապաստան տված Ֆրանսիայի իշխանություններին: <<Դարձեք Ֆրանսիայի  հայրենասերներ, սակայն պահպանեք ձեր լեզուն, հավատքը և ավանդույթները>>-ասել էր Լուիս  Ռաֆաել Սակոն: Եկեղեցու բացման արարողությանը ներկա էր Ֆրանսիայի  ներքին գործերի նախարար Բերնար Կազնևը: Նա իր ելույթում ասել էր.<< Կարող եք վստահ լինել: Ֆրանսիան շարունակելու է օգնել Մերձավոր Արևելքի քրիստոնյաներին, ովքեր ներկայումս ցեղասպանության են ենթարկվում իրենց հավատքի համար>>: Նախարարի խոսքով իշխանությունները  օգնություն կտրամադրեն ինչպես կացարանի, այնպես էլ ֆրանսիական հասարակությանը ինտեգրվելու  հարցերում: Նշենք, որ Փարիզից 15կմ հեռավորության վրա գտնվող  Արնուվիլ քաղաքում  գտնվող քաղդեական քրիստոնյաների փոքր համայնքը  արդեն ընդունել է Իրաքից  ավելի քան 11 հազար փախստականների: