Իրաքի նախագահ Ֆուադ Մասումը  Եգիպտոս կատարած այցի շրջանակներում  հանդիպել էր Ղպտի եկեղեցու Պատրիարք  Թավադրոս II-ի հետ: Հանդիպման ժամանակ նախագահը  հայտարարել էր, որ քրիստոնյաները հինավուրց  ժամանակներից    Իրաքի հասարակության   անբաժանելի մասն են  կազմում: Նրա խոսքով Իրաքի տարբեր վայրերում  կառուցված  հին տաճարները  վկայում են,  որ քրիստոնյաները դարեր շարունակ ապրել  են այդ տարածքում: Անդրադառնալով  <<Իսլամական պետություն>> խմբավորման  վայրագություններին, նախագահը նշել էր, որ  իսլամիստ գրոհայինները սպանում են ոչ միայն քրիստոնյաների, այլ նաև   շիա և   սուննի մուսուլմանների, իսկ  բռնագրաված տարածքներում ոչնչացնում են  քրիստոնեական  տաճարները  և մուսուլմանական մզկիթները: Ֆուադ Մասումը Պատրիարք  Թավադրոս II-ին տեղեկացրել  էր, որ Իրաքի կառավարությունը  ակտիվ քայլեր է ձեռնարկում քրիստոնյաներին և կրոնական ու ազգային մյուս փոքրամասնություններին պաշտպանելու համար:Սակայն  վերջերս Իրաքի  Քաղդեա-կաթոլիկ եկեղեցու Պատրիարք Լուիս Ռաֆաել Սակոն հայտարարել էր, որ  իշխանությունները խոստումները չեն կատարում: Պատրիարքը ցավով նշել էր, որ քրիստոնյաները նախկինի նման ենթարկվում են խտրական վերաբերմունքի և հալածանքների: