Մի բան կա, որ ինձ պատիվ չի բերում: Ես այդ մասին խոսում եմ ուղղակի այն պատճառով, քանի որ շատերն են տառապում սույն արատից: Խոսքս ատելության մասին է: Ես գտել եմ դրանից ազատվելու միջոցը. դա հաղորդակցությունն է հարություն առած կենդանի Քրիստոսի հետ:

Պատանեկությանս տարիներին ես շատ բաներ եմ ատել: Իհարկե, ես աշխատում էի ցույց չտալ ատելությունս, բայց անվերջ այն զգում էի իմ ներսում: Ատում էի մարդկանց, իրերը, խոչընդոտները: Շատերի նման ես էլ անվստահ էի ուժերիս: Ինձնից որևէ բանով տարբերվող ամեն հանդիպածի մեջ ինձ համար վտանգ էի տեսնում:

Բայց կար մեկը, որին աշխարհում ամենաշատն էի ատում: Դա իմ հայրն էր: Ես մահու չափ ատում էի նրան: Նա ինձ համար պարզապես փողոցային հարբեցող էր: Եթե դուք ծնվել եք փոքրիկ քաղաքում և տան մեջ հարբեցող ծնող ունեք, կիմանաք, թե դա ինչ բան է: Այդ մասին գիտի ողջ քաղաքը: Դպրոցում ընկերներս կատակում էին, թե իմ հայրն արդեն «ճոճվում է» ինչ-որ տեղ:

Նրանք չէին հասկանում, որ վիրավորում են ինձ: Ես ծիծաղում էի նրանց հետ, բայց արի ու հարցրու, թե ինչ էր կատարվում հոգումս. սոսկալի տառապում էի: Երբեմն գոմ էի գնում և տեսնում, թե ինչպես է մայրս դաժանորեն ծեծված և ուժասպառ՝ ընկել թրիքի վրա: Երբ հյուրերի էինք սպասում, հորս հանում էի տնից, կապկպում ու թողնում գոմի մեջ, իսկ նրա մեքենան հեռացնում էի տան մոտից: Մեր բարեկամներին ասում էինք, թե հայրս տեղ է գնացել: Չեմ կարծում, թե աշխարհում որևէ մեկը մարդուն ատեր ավելի ուժգին, քան ես՝ իմ հորը:

Քրիստոսին հավատալուս օրվանից մոտ հինգ ամիս անցնելուց հետո կյանքս լցվեց սիրով, որն Աստված էր պարգևել Հիսուս Քրիստոսի միջոցով: Այդ սերն ատելության համար տեղ չթողեց: Եվ հանկարծ ես կարողացա ուղիղ հորս աչքերին նայել ու անկեղծորեն ասել. «Հայրիկ, ես քեզ սիրում եմ»:

Առաջվա արածներիցս հետո սա ցնցեց նրան…

Երբ ես փոխադրվել էի մասնավոր համալսարան, լուրջ ավտովթարի ենթարկվեցի: Ինձ տուն բերին ջարդված պարանոցով: Երբեք չեմ մոռանա, ինչպես մոտեցավ ինձ հայրս: Նա հարցրեց. «Տղա՛ս, մի՞թե դու կարող ես այսպիսի հորը սիրել»: Ես պատասխանեցի. «Հայրի՛կ, կես տարի առաջ ես ատում էի քեզ…»:

Այնուհետև սիրտս բացեցի նրան, թե ինչպես եմ Քրիստոսին դարձել. «Պարզապես կյանքս բաց արի Քրիստոսի առաջ: Ես դեռ չեմ կարող լիովին բացատրել դա, բայց կարող եմ ասել, որ ձեռք եմ բերել կարողություն՝ սիրելու ոչ միայն քեզ, այլև բոլոր մարդկանց, ինչպես որ կան»:

Քառասունհինգ րոպե անց ես ապրեցի կյանքիս ամենաուժգին ցնցումներից մեկը: Իմ մերձավորագույն արյունակիցը, որն ինձ գիտեր իր հինգ մատի պես, ասաց. «Որդի՛ս, եթե Աստված կարող է այդպես փոխել նաև իմ կյանքը, ինչպես որ աչքիս առաջ քոնը փոխեց, ապա ես էլ եմ ուզում փորձել»:

Եվ այդժամ հայրս աղոթեց ինձ հետ և հավատաց Քրիստոսին:

Սովորաբար մարդը փոխվում է օրերի, ամիսների, երբեմն էլ՝ տարիների ընթացքում: Իմ կյանքը փոխվել է մեկ ու կես տարում: Իսկ հայրս փոխվեց միանգամից՝ աչքերիս առաջ: Ասես մեկը ձեռքը պարզեց և միացրեց լույսի մարտկոցը:

Երբեք, ոչ դրանից առաջ և ոչ էլ հետո, ես չեմ տեսել նման կտրուկ կերպարանափոխություն: Դրանից հետո հայրս մեն-մի անգամ ձեռքն առավ վիսկիի շիշը: Մոտեցրեց շուրթերին ու դրեց տեղը:

Այս ամենից ես հանգեցի միակ հնարավոր հետևությանը. Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատն իրոք հիմնովին փոխում է մարդուս կյանքը:

Կարող են ծիծաղել քրիստոնեության վրա, քամահրել և ծաղրել քրիստոնյաներին: Բայց նա զորություն ունի: Քրիստոսը կյանք է փոխում: Նա գործող զորություն ունի, Քրիստոսը փոխում է մարդու կյանքը: