Vatican Radio-ի համաձայն`մայր Թերեզայի  հիմնադրած գթասրտության միաբանության  միանձնուհիները շարունակելու են իրենց առաքելությունը Եմենում, նրանք շարունակելու են ծառայել կարիքավորներին և աղքատներին:<< Մայր Թերեզան մնում էր ամենամոռացված վայրերում, անկախ  տիրող իրավիճակից>>-ասել էին  միաբանության անդամները: Տեղեկացնենք, որ մարտի 4-ին  Եմենի Ադեն քաղաքում  գրոհայինները հարձակվել էին   միաբանության վանքի վրա,  սպանել 4 միանձնուհիների  և 12 աշխատակիցների: Ցավակցական իր հեռագրում Հռոմի Պապը  խիստ դատապարտել էր այդ դաժան հանցագործությունը`անվանելով << անիմաստ և  դիվային  բռնություն>>: Սպանված  միանձնուհիներից երկուսը Ռուանդայից էին, իսկ մյուս երկուսը  Քենիայից  և Հնդկաստանից:  Ողջ է մնացել  վանամայրը: Հաջողվել է մահից խուսափել նաև  վանքին կից օթևանում բնակվող  ծերերին և անդամալույծներին: Հանցագործները գերևարել են  հնդիկ քահանա Թոմ Ուժունհալիլին, ով հարձակման ժամանակ աղոթել էր  մատուռում: Նրա ճակատագրի մասին դեռևս ոչինչ հայտնի չի: Քահանան բնակվում էր այդ վանքում այն բանից հետո, երբ  նրա Ադենում գտնվող  եկեղեցին թալանել և ավերել էին զինված  հանցագործները: Fides գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ եպիսկոպոս Բալլանը կոչ էր արել  այդ դաժան հանցագործության  համար չմեղադրել իսլմական կրոնը: << Ճշմարիտ ոչ մի  մուսուլման  չի ընդունում հանուն Աստծո կատարվող սպանությունների հրեշավոր գաղափարը>>-ասել էր եպիսկոպոսը: Իսկ ով  կարող էր կատարել այդ ոճրագործությունը հարցին եպիսկոպոս Բալլանը պատասխանել էր.<<Շատերն են այդ հարցը տալիս: Հավանական է, որ մարդասպանները  քրիստոնեության թշնամիներ են, ովքեր չեն ցանկանում  գթասրտության քույրերի ներկայությունը երկրում: Եմենի իշխանությունները ոչ մի արգելք չեն ստեղծում միաբանությանը, նույնիսկ ապստամբ իսլամիստները  ոչ մի խնդիր չեն ունեցել  միաբանության հետ: Հնարավոր է գոյություն ունեն  խմբեր, որոնք չեն ցանկանում  երկրում տեսնել  քահանաների և միանձնուհիների գործունեությունը>>: Նշենք, որ  այդ հանցագործության պատասխանատվությունը չեն  վերցրել ոչ Ալ Քաիդան, ոչ էլ իսլամական մյուս խմբավորումները, որոնք ներկայումս գործում են Եմենում: