Ավետարանական եկեղեցիներն աղոթում են բանակի և խաղաղության համար

//Ավետարանական եկեղեցիներն աղոթում են բանակի և խաղաղության համար

Ավետարանական եկեղեցիներն աղոթում են բանակի և խաղաղության համար

Պատերազմ չի ցանկանում ոչ ոք, թեև տարիներ, դարեր շարունակ ստիպված  ու պարտադրված ենք եղել ներքաշվել պատերազմի մեջ, կռվի մեջ, կռվել հանուն մեր երկրի ու մեր ժողովրդի:

Այս օրերին, երբ սահմանին լարված բախումներ են ընթանում, հայ ժողովուրդը միաբանվում է աղոթքի և ծոմապահության համար:

Տղաները սահմանին են, ոմանք՝ սահմանի ճանապարհին, մյուսներն էլ աղոթքներով են զինվորի կողքին:

Ավետարանական ընտանիքի եկեղեցիներում հայտարարվել է աղոթքի ու ծոմապահության օրեր, շաբաթ, ու հավատացյալ ժողովուրդն էլ մղում է իր պատերազմը. չէ՞ որ այնտեղ՝ սահմանին մեր զինվորներն են, մեր տղաները, մեր հայրերն ու եղբայրները:

ՀՀ Ավետարանի Հավատքի Քրիստոնյաների «Միաբանություն» եկեղեցիների և«Էմմանուէլ» եկեղեցու ավագ հովիվ, եպիսկոպոս Ռուբիկ Թումանյանն աղոթքի կոչով դիմում է բոլոր հավատացյալներին և հայ ժողովրդին՝ ասելով. «Աղոթե՛նք մեր սահմանների խաղաղության համար: Ամեն օր արյուն է թափվում՝ մեր երեխաների արյունը: Դու կարո՛ղ ես ազդել իրավիճակի վրա քո ջերմեռանդ աղոթքներով: Ինձ և քեզ համար այսուհետև մեղք է մեր երկրի համար չաղոթելը: Միացի՛ր մեզ` մեր հայրենիքի համար քո աղոթքներով»: Աղոթքի կոչերին միացել են նաև «Միաբանության» մյուս եկեղեցիները:

«Խնդրենք, որպեսզի Աստված խաղաղեցնի ու հարատև հաշտություն բերի, պահպանի մեր հերոսների կյանքն ու զորավիգ լինի նրանց: Աղոթենք նաև վիրավորների ապաքինման համար, ինչպես նաև զոհված հերոսների ընտանիքների համար, որպեսզի Տերը խաղաղեցնի և մխիթարի նրանց: Նաև կոչ ենք անում, անհնհրաժեշտության դեպքում, ակտիվ գործնական մասնակցություն ունենալ զինվորներին արյան դոնորության և աջակցության այլ հարցերում: Մեր Հայրենիքը նվեր է մեզ Տիրոջ կողմից, ուրեմն հոգատարությունն այդ հայրենիքի հանդեպ մեր սուրբ պարտքն է». նշում է «Հայաստանյայց Ավետարանականեկեղեցու» ֆեյսբուքյան էջը:

Հայաստանի «Կյանքի Խոսք» եկեղեցին  ևս, միանալով աղոթքի կոչերին,հորդորում է. «Մեր աղոթքներով շարունակում ենք կանգնել մեր զինծառայողների թիկունքին և հռչակել, որ նրանց դեմ ուղղված ոչ մի զենք հաջողություն չի ունենա: Տերը պաշտպանի մեր զինվորներին, երկիրն ու ժողովրդին, իսկ հակառակորդը ամոթահար լինի: Հիսուս Քրիստոսի անունով մենք խափանում ենք ամեն դիվային չար դիտավորություն: Տե՛ր, քո ժողովուրդը քեզ է աղաղակում, լսիր Քո եկեղեցու ձայնը և խաղաղություն տուր մեր սահմաններին»:

«Ավետարանի հավատքի եկեղեցիների միության» նախագահ և Վանաձորի«Գողգոթա» եկեղեցու ավագ հովիվ Ռաֆայել Գրիգորյանը ևս մեզ հետ զրույցում նշեց, որ աղոթքի ու ծոմապահության օրեր են հայտարարված ինչպես իրենց, այնպես էլ միության մյուս եկեղեցիներում. «Ամբողջ կիրակնօրյա ծառայությունը մենք անցկացրինք աղոթքի մեջ, աղոթք մեր զինվորների, մեր երկրի ու խաղաղության համար: Ուրիշ էլ ո՞վ պիտի աղոթի, եթե ոչ մենք: Թե՛ մեզ մոտ, թե՛ մյուս եկեղեցիներում էլ հայտարարված են համընդհանուր աղոթքի և ծոմապահության օրեր». նշեց հովիվ Ռաֆայել Գրիգորյանը:

Շիրակի Ավետարանական-մկրտական եկեղեցու ավագ հովիվ, վերապատվելի Ռուբիկ Փահլևանյանն էլ մեզ հետ զրույցում նշեց. «Թե՛ եկեղեցում, թե՛ տնային խմբերում հայտարարվել է շարունակական աղոթքի ծառայություն: Աղոթում ենք մեր զինվորների, մեր երկրի ու սահմանների համար, նաև աղոթում ենք վիրավորների համար ու խնդրում մխիթարություն զոհվածների ընտանիքների համար: Պատերազմն ընթանում է երկու ուղղությամբ՝ ֆիզիկական՝ մարտադաշտում, և հոգևոր՝ աղոթքների մեջ: Մենք վարում ենք մեր պատերազմը»:

Երևանի «Վերնատուն» եկեղեցու կայքը ևս տեղեկացնում է, որ «Ապրիլի 4-ը աղոթքի և ծոմապահության օր է՝ մեր երկրի, սահմանների, բանակի, սպայական և զինվորական կազմի ու խաղաղության համար»: Եկեղեցու ավագ հովիվ Նոդար Թադևոսյանն իր խոսքում նշեց. «Աղոթենք, որ արյունահեղությունը դադարի, պատերազմական իրավիճակները հանդարտվեն և Աստված պահի մեր զինվորներին:  Պատերազմը միշտ էլ իր հետևանքը և վնասը բերում է՝ թե՛ մարդկային զոհերի առումով, թե՛ տնտեսության: Մենք անցել ենք այդ ճանապարհով, գիտենք դա ինչ է նշանակում, բայց Աստված կարող է հարթել ամեն իրավիճակ»:

«Այս լարված օրերին մեր նպատակը չարի դեմ պատերազմելն է: Մենք պարտավոր ենք աղոթել, որպեսզի Աստված պահպանի մեր զինվորներին, մեր սահմանները, մեր հայրենիքը».նշում է Երևանի «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը:

Իհարկե, աղոթող եկեղեցիները միայն նշվածները չէին, այլ շատերը, բոլորը…

Հավելենք նաև, որ այսօր՝ ապրիլի 4-ին՝ ժամը 18:00-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ևս կկատարվի աղոթք Հայրենիքի և հայրենյաց պաշտպան զինվորների համար՝ Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բի առաջնորդությամբ:

Մի բան հստակ է. այսօր, երբ հայորդիները կագնած են սահմանին ու անառիկ են պահում մեր երկիրը, հավատացյալ ժողովուրդն էլ միաբանվում է աղոթքով ու ծոմապահությամբ և կանգնում իր զինվորի կողքին, ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է: «Արդարի ջերմեռանդաղոթքը մեծ ազդեցություն ունի» (Հակոբոս 5.16):

Աղբյուր՝ Crossnews.am

About the Author:

Թողնել Հաղորդագրություն