Նոյեմբերի   30-ին ավարտվել  է   Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ի  վեցօրյա այցը  Աֆրիկա: Քենիայից և Ուգանդայից հետո Պապը այցելել էր  Կենտրոնական–Աֆրիկյան Հանրապետություն, որտեղ արդեն երեք տարի է չեն դադարում արյունալի բախումները քրիստոնյաների և մուսուլմանների միջև: Երկրի մայրաքաղաք Բանգիում Ֆրանցիսկ I-ը կատարել էր գլխավոր տաճարի դռների բացման հանդիսավոր արարողությունը, որը նվիրված էր  առաջիկա Գթասրտության հոբելյանական տարվան: Այնուհետև Ֆրանցիսկ I-ը պատարագ էր մատուցել, խոսել էր սիրո և ներման մասին: Պապը հանդիպել էր տեղի  բողոքական –ավետարանական համայնքի ներկայացուցիչների հետ: Նա  այցելել էր նաև Բանգիի կենտրոնական մզկիթը, որտեղ հանդիպել էր մուսուլման  առաջնորդների հետ: Հանդիպմանը ներկա քրիստոնյաներին և մուսուլմաններին  Ֆրանցիսկ I-ը կոչ էր արել դադարեցնել արյունալի բախումները: << Քրիստոնյաները  և մուսուլմանները եղբայրներ են: Մենք պետք է վարվենք որպես եղբայրներ: Աստծուն հավատացողները  պետք է լինեն խաղաղության մարդիկ: Մենք  աղոթում ենք խաղաղության, հաշտության, ներման  և սիրո  համար: Կաղոթենք այս և բոլոր այն երկրների համար , որոնք տառապում են  պատերազմներից:  Բոլորս միասին աղոթելու ենք խաղաղության և սիրո համար>>-ասել էր Ֆրանցիսկ I-ը: Այնուհետև Պապը հանդիպել էր  մզկիթի բակում  գտնվող փախստականների  վրանային ճամբարում ապաստանած  մարդկանց հետ, ովքեր  միջկրոնական արյունալի բախումների պատճառով հեռացել են իրենց բնակավայրերից:  Նա այցելել էր նաև մանկական հիվանդանոց, դեղամիջոցներ նվիրել: